Մալևիչի «Սուպերմատիկ կոմպոզիցիա» նկարը 85,8 միլիոն դոլարով վաճառվել է Նյու Յորքի աճուրդում
Ավանգարդիստ-նկարիչ Կազիմիր Մալեւիչի (1879 – 1935) «Սուպերմատիկ կոմպոզիցիա» կոչվող նկարը (1916) մայիսի 15-ին ավելի քան 85,8 միլիոն դոլարով վաճառվել է Նյու Յորքի աճուրդում: Այս մասին հայտնել է Christie՚s աճուրդային տունը, որը կազմակերպել էր իմպրեսիոնիզմին եւ արդի արվեստին նվիրված աճուրդը:
Մալեւիչի այս գործը, որը երբեմն նաեւ անվանում են «Կապույտ ուղղանկյուն կարմիր ճառագայթի վրա», Christie՚s-ի կողմից գնահատվել էր 70 միլիոն դոլար: Գնորդի անունը չեն հայտնում: Կայացած աճուրդի մյուս նկատելի լոտը դարձել է նիդեռլանդացի վարպետ Վինսենթ Վան Գոգի (1853 – 1890) վրձնի «Սեն Ռեմիի ապաստարանի եւ մատուռի տեսարանը» (Vue de l՚asile et de la Chapelle Saint-Paul de Mausole (Saint-Remy), 1889) կտավը: Այս նկարը, որը Վան Գոգը նկարել է մահվանից մեկ տարի առաջ, վաճառվել է 39,7 միլիոն դոլարով՝ 35 – 55 միլիոն դոլար գնահատման արժեքի դեպքում:
Իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի (1881 – 1973) «Ականջօղով աղջնակը»(Fillette au pendentif, 1901) գործն իր նոր գնորդին գտել է 8,75 միլիոն դոլարով: Ֆրանսիացի Անրի Մատիսի (1869 – 1954) «Ձեռքերը մեջքին խաչած հարճը» (Odalisque, mains dans le dos) նկարը, որը նա նկարել է 1923 թվականին Նիսում, իրացվել է 14,4 միլիոն դոլարով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: