Բաժիններ՝

Սթիվեն Սոդերբերգը ֆիլմ կնկարահանի «պանամական դոսյեի» մասին

«Օսկար»-ի եւ «Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկիր Սթիվեն Սոդերբերգը ֆիլմ կնկարահանի «պանամական դոսյեի» վերաբերյալ:

Այդ մասին գրել է Daily Mail թերթը: The Laundromat անվանմամբ կինոնկարը կպատմի 2016 թվականի ամենաաղմկալի արտահոսքերից մեկի մասին, որի շնորհիվ լրագրողների տրամադրության տակ հայտնվեցին 2,6 տերաբայթ փաստաթղթեր, որոնք պատկանում էին Mossack Fonseca պանամական իրավաբանական ֆիրմային:

Հետագա հրապարակումների արդյունքում օֆշորային սկանդալում հայտնվեցին բազմաթիվ քաղաքական գործիչներ ու հայտնիներ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ պետությունների գործող ղեկավարներ: Սյուժեի հիմքում կդրվի լրագրող Ջեյք Բեռնշտեյնի «Գաղտնիության աշխարհը. աշխարհի էլիտայի անօրինական դրամական ցանցերի պանամական հետաքննություններ» գիրքը:

Բեռնշտեյնը Լրագրող-հետազոտողների միջազգային կոնսորցիումի ավագ թղթակից էր, որն ուսումնասիրում եւ հրապարակում էր «պանամական դոսյեն»: Ինչպես գրում է Daily Mail-ը, ֆիլմում խաղալու են Մերիլ Սթրիփը, Գերի Օլդմանը եւ Անտոնիո Բանդերասը: Նկարահանումները պետք է սկսվեն այս աշնանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս