Հակահեղափոխություն` Գյումրվա տրնգիով. բալասանյանականները ծրագիր ունեն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն ավագանու իր թիմակիցների հետ որոշել է «անվստահություն» անունով տրագիկոմեդիա բեմադրել: Գյումրիի ավագանու «Բալասանյան» խմբակցության անդամներից տասը հոգի հանդես են եկել քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու առաջարկությամբ:
Ընդ որում, նման նախաձեռնությամբ հանդես են եկել ավագանիում Սամվել Բալասանյանի ամենամերձավոր անդամները, որոնք քաղաքապետի հետ կապված են նաեւ բիզնես գործունեությամբ: Բայց նրանք ոչ թե քաղաքապետի դեմ են դուրս եկել` փորձելով պաշտոնանկ անել նրան, այլ ընդհակառակը՝ ցանկություն ունեն ամրապնդելու Բալասանյանի դիրքերը:
Թերթի աղբյուրների պնդմամբ` բալասանյանականների հաշվարկը հետեւյալն է. կսկսեն քաղաքապետին անվստահություն հայտնելու եւ նոր թեկնածու առաջադրելու գործընթաց, որը, սակայն, հենց իրենք էլ կձախողեն: Իսկ ՏԻՄ մասին օրենքի 13-րդ հոդվածի համաձայն` համայնքի ավագանին քաղաքապետին պաշտոնանկ անելու առաջարկը քննարկում է ոչ ավելի, քան տարին մեկ անգամ:
Այսինքն՝ պաշտոնանկության գործընթաց սկսելով ու այն ձախողելով` ավագանու «Բալասանյան» խմբակցության անդամները զրկում են ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամներին, նաեւ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը առաջիկա մեկ տարվա ընթացքում Սամվել Բալասանյանի դեմ պաշտոնանկության գործընթաց սկսելու հնարավորությունից:
Պատահական չէ, որ նրանք այս նախաձեռնությունը սկսեցին այն բանից հետո, երբ ընդդիմադիր խմբակցության անդամները հայտարարեցին Բալասանյանին պաշտոնանկ անելու մտադրության մասին: Համաձայնեք` իսկական տրագիկոմեդիան այլ կերպ չի լինում: Միայն թե այս ներկայացման հեղինակները հաշվի չեն առել մեկ այլ հանգամանք. քաղաքապետին կարելի է պաշտոնանկ անել նաեւ նրա դեմ քրեական գործ բացելուց հետո. իսկ չարաշահումներ ու կոռուպցիոն դրսեւորումներ հայտնաբերելը դժվար չէ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: