«Արցախի հարցը ոչ թե տարածքային վեճ է, այլ պայքար ինքնորոշման և ազատության համար». Շարմազանով
ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մայիսի 14-ին հանդիպել է Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից, ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է Շվեդիայի հետ բազմակողմ փոխշահավետ համագործակցության ընդլայնումը, միջխորհրդարանական շփումների ակտիվացումը: Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությանը եւ միջխորհրդարանական հարթակներում պատվիրակությունների արդյունավետ փոխգործակցությանը:
Էդուարդ Շարմազանովը, բարձր գնահատելով Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության դատապարտումը, նման ոճրագործությունների կանխարգելման հարցում կարեւորել է ցեղասպանությունների համընդհանուր ճանաչումն ու դատապարտումը: Նա առաջարկել է գործընկերներին քննարկել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանությունների» խորագրով ցուցահանդեսը Շվեդիայում անցկացնելու հնարավորության հարցը:
ՀՀ ԱԺ փոխնախագահը մտահոգիչ է համարել Թուրքիայի ժխտողական քաղաքականությունն ավելի քան մեկ դար անց եւ փաստել, որ այդ երկրի իշխանություններն ապակառուցողական քաղաքականություն են վարում նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում:
«Արցախի հարցը ոչ թե տարածքային վեճ է, այլ պայքար ինքնորոշման եւ ազատության համար»,-ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ունեցող այլ հարցերի: