Ովքեր «Ելք»-ում կփոխարինեն կառավարություն տեղափոխված պատգամավորներին

Հայաստանում նոր կառավարության ձևավորմամբ պայմանավորված՝ էական փոփոխություններ տեղի կունենան Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունում: Խմբակցության 9 պատգամավորներից 4-ը տեղափոխվել են կառավարություն, և առաջիկայում նրանց կփոխարինեն նոր պատգամավորներ:

Խմբակցության արդեն նախկին ղեկավար Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին ընտրվել է ՀՀ վարչապետի պաշտոնում: Փաշինյանը 2017թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքներով պատգամավոր էր ընտրվել 4-րդ ընտրատարածքից (Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչականշրջաններ) «Ելք» դաշինքի տարածքային ցուցակով: Նիկոլ Փաշինյանից հետո նույն ընտրատարածքում ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն է, ուստի խորհրդարանում Նիկոլ Փաշինյանին կարող է փոխարինել Ալեն Սիմոնյանը:

«Ելք» խմբակցության նախկին պատգամավոր Արարատ Միրզոյանը նշանակվել է Հայաստանի առաջին փոխվարչապետի պաշտոնում: Միրզոյանը պատգամավոր էր ընտրվել թիվ 3 ընտրատարածքից (Երևանի Մալաթիա Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններ) «Ելք» դաշինքի տարածքային ցուցակով: Ստացած ձայների քանակով դաշինքի տարածքային ցուցակում Արարատ Միրզոյանին հաջորդում է Արայիկ Հարությունյանը, սակայն վերջինս նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարար, հետևաբար Արարատ Միրզոյանին խորհրդարանում կարող է փոխարինել նույն ընտրատարածքում դաշինքի տարածքային ցուցակից ամենաշատ ձայներ հավաքած երրորդ թեկնածուն` Հրաչյա Հակոբյանը:

Խմբակցության նախկին պատգամավոր Մանե Թանդիլյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում: Մանե Թանդիլյանը պատգամավոր էր ընտրվել Թիվ 1 ընտրատարածքից (Երևանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ) «Ելք» դաշինքի տարածքային ցուցակով: Նույն ընտրական տարածքից դաշինքի տարածքային ցուցակով Մանե Թանդիլյանից հետո ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն Հովիկ Աղազարյանն է: Հենց նա էլ կարող է Թանդիլյանին փոխարինել խորհրդարանում:

«Ելք» խմբակցության նախկին պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում: Արտակ Զեյնալյանը պատգամավոր է ընտրվել «Ելք» դաշինքի համամասնական ցուցակով: Զեյնալյանին ցուցակում հաջորդում է Լենա Նազարյանը, ով այս պահին պատգամավոր է, իսկ նրան հաջորդում է Հայկ Կոնջորյանը: Եթե Հայկ Կոնջորյանը չհրաժարվի մանդատից, հենց նա էլ Ազգային ժողովում կփոխարինի Արտակ Զեյնալյանին:

Տեսանյութեր

Լրահոս