Վայոց ձորի մարզում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում. shamshyan.com
Մայիսի 12-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 18:50-ի սահմաններում Սամվել Մարգարյանը՝ իր վարած Mitsubishi մակնիշի 423 OF 61 համարանիշի բեռնատար ավտոմեքենայով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սարավան-Զանգեր հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և մոտ 25 մետր կողաշրջված վիճակում հայտնվել ձորում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայքի թիվ 61 հրշեջ փրկարարական ջոկատը:
Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ ավտոմեքենան պատկանում է «Մեհրաբյան որդիներ» ՍՊԸ-ին, և այն ուղղելու ու երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Վայքի բաժնի օպերատիվ խումբը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։