ՊՊԾ գնդի գրավման գործով դատավորը մերժեց ամբաստանյալների կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ մայիսի 11-ին կայացավ առանձին վարույթով քննվող ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը: Այս մասով քննվում են մեղադրյալներ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի և Թորոս Թորոսյանի գործերը:
Պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել իրենց պաշտպանյալների խափանման միջոցը որպես կալանք կիրառելը վերացնելու վերաբերյալ և որպես խափանման միջոց կիրառել բնակավայրից ստորագրությամբ չհեռանալը: Նրանք գտնում էին, որ իրենց պաշտպանյալներին կալանավորման մեջ պահելու համար չկա որևէ հիմք:
Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատարանը որոշեց մերժել պաշտպանների՝ իրենց պաշտպանյալների որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացնելու և այն գրավով փոխելու վերաբերյալ միջնորդությունները:
Միջնորդություն էր ներկայացվել նաև Արամ Հակոբյանի նկատմամբ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ: Ինչպես նշեց նախագահող դատավորը, միջնորդությամբ փորձ է կատարվում պարզել ,արդյո՞ք մեղադրյալի մոտ հիվանդությունները դասվում են Կառավարության 2006 թվականի որոշմամբ հավելվածում ընդգրկված ծանր հիվանդությունների շարքին:
Դատարանը բավարարեց միջնորդությունը և նշանակեց դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, որի կատարումը հանձնարարել ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրո ՊՈԱԿ փորձագետներին: