Բաժիններ՝

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը նախատեսում է մեկ տարվա ընթացքում կատարել 32 մլն դրամ ներդրում

Գործադիրը հավանություն է տվել Դիլիջանի առողջարանային կենտրոնի ստեղծման և հասարակական ենթակառուցվածքների զարգացման ներդրումային ծրագրին: Որոշմամբ՝ ծրագրի իրականացման ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության գնահատման նպատակով կիրականացվի փաստաթղթային հսկողություն:

Ըստ հիմնավորման՝ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամը (IDeA) նախաձեռնել է  Դիլիջանի առողջարանային կենտրոնի ստեղծման և հասարակական ենթակառուցվածքների զարգացման ծրագրի իրականացման աշխատանքները: Ծրագիրը ներառում է չորս բաղադրիչ՝ «Չաում Դիլիջան» կենտրոնի հիմնում, քաղաքային լճի հարակից տարածքի, քաղաքային զբոսայգու, քաղաքային մարզադաշտի բարեկարգում։

Ծրագրի նպատակն է նպաստել համայնքի բնակիչների և այցելուների հանգստի և ժամանցի կազմակերպմանը, զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, քաղաքաշինական նոր տեխնոլոգիաների և մոտեցումների խրախուսմանն ու կիրառմանը, բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը և այլն:

Ներդրումային ծրագրի իրականացման տևողությունը կազմում է 60 ամիս, որի շրջանակում նախատեսվում է ներդնել  առնվազն 15,682 մլրդ ՀՀ դրամ: Արդյունքում   կստեղծվի մոտ 1070 աշխատատեղ՝ 200 հազ ՀՀ դրամ միջին ամսական աշխատավարձով: Ծրագրի իրականացման արդյունքում շահագործման հանձնվող օբյեկտներում կստեղծվի առնվազն 408 մշտական աշխատատեղ։ Միջին ամսական աշխատավարձն այս խմբի աշխատատեղերի համար կկազմի 500 000 ՀՀ դրամ, իսկ ՀՀ պետբյուջե կվճարվի առնվազն 330 մլն ՀՀ դրամ եկամտային հարկ։

Կառավարությունը որոշել է ՀՀ Վայոց ձորի մարզի Խաչիկ համայնքում գտնվող դպրոցի մասնաշենքի 2-րդ հարկի տարածքը հետ վերցնել Խաչիկի միջնակարգ դպրոցից և անհատույց օգտագործման իրավունքով, 8  տարի ժամկետով հանձնել «Ոսկե կար» ՍՊԸ-ին:

Ընկերությունը  նպատակ ունի զարգացնել թեթև արդյունաբերությունը հանրապետությունում, ստեղծել նոր աշխատատեղեր Երևանում և սահմանամերձ շրջաններում, ընդլայնել տեղական արտադրանքի արտահանման ծավալները, հիմնադրել նոր մասնաճյուղեր և զարգացնել՝ ներգրավելով նոր գործընկերներ ՀՀ-ում  և արտերկրում, բարձրացնել մասնագետների որակավորման աստիճանը և այլն:  Ընկերությունը պարտավորվել է մեկ տարում կատարել 25 մլն ՀՀ դրամի ներդրում, ստեղծել 20 աշխատատեղ:

Գործադիրը որոշել է ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկում ընդգրկված Տաշիրի կինոցանցի գույքը՝ շենքը և սեփականության իրավունքով հատկացված հողամասը, որը գտնվում է ք. Տաշիր, Վ. Սարգսյան փողոցում, ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել համայնքին՝ վաճառքի գին սահմանելով 1000 դրամ: Քանդման և հարակից տարածքների բարեկարգման արդյունքում կստեղծվի ժամանակակից հանգստի գոտի: Հիմնավորման համաձայն՝ 4-րդ աստիճանի շենքը ենթակա է քանդման:

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը նախատեսում է մեկ տարվա ընթացքում կատարել  32 մլն դրամ ներդրում նշված շենքի քանդման և հարակից տարածքների բարեկարգման համար, որից 12 մլն դրամը ծախսվելու է շենքի քանդման և շինարարական աղբի տեղափոխման և 20 մլն դրամը՝ նրա հարակից այգու հիմնման և բարեկարգման աշխատանքների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս