Բաժիններ՝

Պուտինը և Փաշինյանը Սոչիում քննարկելու են տարածաշրջանային անվտանգության հրատապ հարցերը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին Սոչիում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակում կքննարկեն տարածաշրջանային անվտանգության հրատապ հարցերը:

Այ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի օգնականի պաշտոնակատար Յուրի Ուշակովը: «Սպասվում է, որ Սոչիում առաջիկա բանակցությունների ընթացքում կքննարկվեն երկկողմ օրակարգի հանգուցային հարցերը, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության մի քանի հրատապ հարցեր»,-ասել է նա: Դա, Ուշակովի խոսքով, կլինի երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումը Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո:

Ուշակովը նշել է, որ «միջազգային ու տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ Ռուսաստանի եւ Հայաստանի դիրքորոշումները մոտ են կամ համընկնում են»: «Երկու երկրների ԱԳ նախարարությունների գծով ինտենսիվ շփումները նպաստում են համակարգմանը արտաքին քաղաքական ոլորտում, այդ թվում՝ ՄԱԿ-ի, Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ բազմակողմ այլ կազմակերպությունների շրջանակում»,-հավելել է նա:

Կրեմլի ներկայացուցիչը նաեւ հիշեցրել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի երկու այլ համանախագահների՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ միասին «ակտիվ միջնորդական դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս