Քրեական գործեր՝ պաշտոնյաների վերաբերյալ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 309-րդ հոդվածների 1-ին մասերով:
Այսպես, Գ. Հ.-ն հաղորդում է տվել, որ թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու կասկածանքով ոստիկանության աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ անձնական խուզարկություն կատարած ոստիկանն աննկատ իր բաճկոնի գրպանն է գցել թմրամիջոցի երկու փաթեթ, այնուհետև հայտարարել, թե, իբր, դրանք հայտնաբերվել են իր անձնական խուզարկությամբ:
Մյուս քրեական գործը հարուցվել է Երևանի բնակիչ Գ. Գ.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ իրեն պատկանող` Երևան քաղաքում գործող խանութից հափշտակություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ոստիկանները իրենից պահանջել են գողության դեպքով բողոք չներկայացնել` հայտնելով, որ տվյալ արարքը կատարած անձինք զբաղվում են մանր գողություններ կատարելով, և նույնիսկ բողոքելու դեպքում նրանք չեն կարող դատապարտվել ազատազրկման:
Մեկ այլ քրեական գործ էլ հարուցվել է ՀՀ Արարատի մարզի բնակիչ Ի. Ա.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս դատական նիստի ժամանակ հայտնել է, որ կնոջը ծեծի չի ենթարկել, այլ նման բովանդակությամբ ցուցմունք տալուն հորդորել է վարույթն իրականացրած քննիչը, ով խոստանալով իրեն քրեական պատասխանատվության չենթարկել` համոզել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունք տալ, թե, իբր, մի քանի հարվածներ է հասցրել կնոջը:
Պատոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործության առթիվ ևս մեկ քրեական գործ է հարուցվել Սյունիքի մարզի բնակչուհի Հ. Ս.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հայտնել է, որ իր ընկերուհու դրամապանակից 4000 ՀՀ դրամ գումար է հափշտակել, սակայն ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնում նույն բաժնի պաշտոնատար անձն իրենից պահանջել է բացատրություն տալ, որ գողացել է 10.000 ՀՀ դրամ: Հակառակ դեպքում սպառնացել է իր նկատմամբ բռնություն գործադրել:
Ի դեպ, ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկը գերազանցող գումարի հափշտակությունը քրեորեն պատժելի արարք է համարվում:
Պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու վերը նշված բոլոր դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: