Բաժիններ՝

Ճավա կղզում տարհանում է հայտարարվել Մերապի հրաբխի ժայթքման պատճառով

Ինդոնեզիայի Ճավա կղզու իշխանությունները տարհանում են հայտարարել Մերապի հրաբխի շրջանում մայիսի 11-ին սկսված ժայթքման պատճառով: Այդ մասին հայտնել է Jakarta post հրատարակությունը:

Ժայթքումն ուղեկցվում է հրաբխային մոխրի արտանետմամբ, տեղի բնակչները նաեւ ոչ ուժգին ստորգետնյա ցնցումներ են զգացել:

Հրատարակության տվյալներով՝ տարհանում է հայտարարված հրաբխից 5 կմ շառավղով: Ավիացիայի պետական վարչությունը՝ AirNav-ը, հայտնել է Ջոկիյակարտայի օդանավակայանը ժամանակավորապես փակելու մասին:

Տարերային աղետների վտանգի նվազեցման հրաբխագիտական եւ երկրաբանական կենտրոնը (PVMBG) հայտարարել է, որ իրադրությունը մնում է «նորմալ», ինչպես նաեւ ընդգծել Է, որ կշարունակի հետեւել ժայթքմանը: Տուժածների կամ նյութական վնասի մասին իշխանություններն առայժմ չեն հայտնել, սակայն, ինչպես գրում է հրատարակությունը, ժայթքումը կարող է հետեւանքներ ունենալ երկու նահանգների՝ Ջոկիյակարտայի եւ Կենտրոնական Ճավայի բնակիչների համար:

Մերապին ամենաակտիվ գործող հրաբուխն է Ինդոնեզիայում, այն գտնվում է Ճավա կղզում: Սաստիկ ժայթքումներ են դիտվում յուրաքանչյուր յոթ տարին մեկ, թույլ ժայթքումներ՝ տարեկան մոտավորապես երկու անգամ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս