ԱՄՆ դեսպանատունը չի քննարկում տեղեկություններ` կապված իրավապահ քննությունների հետ. FBI-ի խմբի այցի մասին տեղեկության հետքերով
Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների դեսպանությունը իրավասու չէ հաստատել, ժխտել կամ քննարկել տեղեկություններ կապված իրավապահ քննությունների հետ: Այս մասին նշեցին դեսպանությունից՝ «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքելով ԶԼՄ-ների որոշ հրապարակումների, ըստ որոնց՝ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) քննիչների խումբը կայցելի Հայաստան:
«Մեր քաղաքականությունից ելնելով՝ մենք իրավասու չենք հաստատել, ժխտել կամ քննարկել տեղեկություններ կապված իրավապահ քննությունների հետ»,- ասացին դեսպանությունից:
Գործակալությունը խնդրի մասին փորձեց տեղեկություններ ճշտել ՀՀ գլխավոր դատախազությունից: «Նշված նպատակով նման խմբի այցելության մասին տեղեկատվություն ՀՀ դատախազությունը չունի»,- հայտնեցին դատախազությունից:
Հայկական որոշ լրատվամիջոցներ օրերս տեղեկություն էին տարածել այն մասին, թե Հայաստան են ժամանելու ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) քննիչների խումբ. «Խմբի անդամները Հայաստանից ապօրինի կապիտալի արտահոսքի ուսումնասիրություններ են սկսելու»: