Կալիֆոռնիայում 2020 թվականից բնակելի տներում արևային մարտկոցները կդառնան պարտադիր
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում 2020 թվականից նոր շենքերում արեւային մարտկոցները կդառնան պարտադիր: Ինչպես մայիսի 9-ին հայտնել է Fox News հեռուստաընկերությունը, նահանգի էներգետիկայի հարցերով զբաղվող հանձնաժողովը քվեարկել է ի պաշտպանության այդ նախաձեռնության:
Կալիֆոռնիան դարձել է ԱՄՆ-ի առաջին նահանգը, որտեղ արեւային մարտկոցների օգտագործումը կդառնա պարտադիր: Նոր կանոնը կարիք չունի ստանալու նահանգի օրենսդիր մարմնի կամ էներգատարիֆների հանձնաժողովի հավանությունը եւ ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի 1-ից:
Մեկ ընտանիքի համար տուն կառուցելու արժեքը, ըստ Bloomberg լրատվական գործակալության գնահատումների, կավելանա մոտավորապես 10 հազար դոլարով, բայց միեւնույն ժամանակ, էներգետիկայի հարցերի հանձնաժողովի փորձագետների գնահատումներով, 30 տարվա ընթացքում արեւային մարտկոցների օգտագործումը տնատերերին կապահովի 19 հազար դոլարի խնայողություն:
«Դա շատ կարեւոր միջոց է,- Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է Sierra Club բնապահպանական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Ռաշել Գոլդենը:-Ծախսերի տեսակետից արդյունավետ այս միջոցը կապահովի մթնոլորտ ածխաթթու գազի արտանետումների կտրուկ կրճատումը եւ կնպաստի էներգիայի վերականգնվող աղբյուրների ավելի լայն օգտագործմանը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: