«Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը հասունություն դրսևորեցին». վրացի դիվանագետ
«Փաշինյանի ուշադրության կենտրոնում պետք է լինեն առաջին հերթին ներքին խնդիրները, որոնք հանգեցրին այս հեղափոխությանը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի ԱԳ նախկին նախարար Իրակլի Մենագարիշվիլին՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ընտրությանը վարչապետի պաշտոնում:
Հիշեցնենք, որ Փաշինյանն ԱԺ-ի կողմից ընտրվեց կողմ՝ 59, դեմ՝ 42 ձայների հարաբերակցությամբ:
Իրակլի Մենագարիշվիլին նախ շնորհավորեց Փաշինյանին ընտրվելու կապակցությամբ: Նա նշեց, որ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը հասունություն դրսևորեցին:
«Հասունության նշան էր Փաշինյանի ընտրած խաղաղ պայքարի ձևը և հավատը, որ այդ պայքարը կարող է հաղթել: Սա բարձր քաղաքական գիտակցության նշան է: ՀՀ նախկին իշխանությունների քաղաքական հասունության մասին է խոսում այն փաստը, որ ոչ մի զոհ չեղավ, ուժի կիրառում տեղի չունեցավ խաղաղ ցուցարարների նկատմամբ: Ուժի կիրառման դեպքում չենք կարող ասել, թե ինչպիսի հունով կընթանար այս շարժումը: Պետք է արժանին մատուցել, որ ուժ չկիրառվեց: Սա նշում եմ, քանի որ նախկինում Հայաստանում եղել են ուժի կիրառման դեպքեր: Գործընթացը հարգանքի արժանի է»,- ասաց Մենագարիշվիլին:
Նա նշեց, որ տեսնելով այն սպասումները, որոնք կան հասարակության շրջանում, կարելի է ենթադրել, որ Փաշինյանը շատ աշխատանք ունի անելու՝ որպես վարչապետ, հատկապես երկրի ներսում:
«Մարդկանց փողոց դուրս բերեց գլխավորապես սոցիալ-տնտեսական վիճակը, բնականաբար ժամանակավոր վարչապետը մեծ արդյունքների չի կարող հասնել այս ոլորտում, բայց պետք է փորձի ընթացքի մեջ գցել սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը: ՀՀ ցանկացած ղեկավարի խնդիրն է Ղարաբաղի հարցում լինել չափազանց ուշադիր ու կիրթ, քանի որ դա բարդ հակամարտություն է, որը սպառնում է մեր բոլորի անվտանգությանը»,- ասաց Մենագարիշվիլին:
Վրաստանը, նրա խոսքով, ՀՀ նոր վարչապետից պետք է ակնկալի հայ-վրացական հարաբերությունների ոլորտում առկա հարաբերությունների պահպանում, խորացում և ջանքեր ԼՂ հակամարտության կարգավորման համար:
«Վրաստանի տեսանկյունից կարևոր է նաև այն, որ ՀՀ նոր իշխանությունը պահպանի ՀՀ նախկին իշխանությունների` ԵՄ-ի հետ հարաբերությունները շարունակելու և ստորագրված համաձայնագիրը վավերացնելու հանձնառությունը, քանի որ դա էլ ավելի է նպաստելու հայ-վրացական հարաբերությունների խորացմանը»,- ասաց Մենագարիշվիլին: