«Կուսակցությունը ոհմակ չէ, թայֆա չէ». Ռուբեն Մեհրաբյանը համաձայն է Լևոն Տեր-Պետրոսյանի գնահատականների հետ

«Կարծում եմ՝ սա շատ լուրջ հարց է, որը բարձրացրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Հիշեցնենք, որ Լ. Տեր-Պետրոսյանը վերջին շրջանում երկու հայտարարություններով է հանդես եկել, որտեղ քննադատում է պատգամավորներին մանդատից զրկելու գործընթացը՝ նշելով, որ դա հակասահմանադրական է: «Ես դիմում եմ Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին և անձամբ վերջինիս նախագահ Արա Բաբլոյանին` հորդորելու հրաժարական ներկայացրած պատգամավորներին` ետ վերցնել իրենց դիմումները, քանի որ նրանք այդ քայլը կատարել են ոչ թե ինքնակամ, այլ իրենց կուսակցությունների պարտադրանքով: Եթե դա չարվի, կնշանակի, որ Սահմանադրությունը խախտել են ոչ միայն նշված կուսակցությունները, այլ նաև Ազգային ժողովի բոլոր պատգամավորները:  Անթույլատրելի է, որ «Նոր Հայաստանն» իր գործունեությունը սկսի հակասահմանադրական առաջին իսկ քայլով: Դրանում իրենց հերթին և առավելապես պետք է շահագրգռված լինեն նաև ընթացիկ քաղաքական շարժման ղեկավարությունը և անձամբ Նիկոլ Փաշինյանը»,- գրել է  առաջին նախագահը:

Ռ. Մեհրաբյանը դժվարացավ ասել, թե ի՞նչն է շարժառիթը, որ այսքան հարցերի մեջ հենց սա է Լ. Տեր-Պետրոսյանի ուշադրությանն արժանացել.

«Բայց, այնուամենայնիվ, այս հարցը շատ կարևոր է: Այո, կուսակցությունները չպետք է վերածվեն ոհմակների, երկրորդը՝ պատգամավորները պետք է առաջնորդվեն իրենց խղճով, և այն չպետք է լինի պատժելի իրենց կուսակցական «բոսերի» կողմից: Կարծում եմ՝ այս նորմի արմատավորումը հայկական քաղաքականության մեջ էապես կազատականացնի ընդհանրապես քաղաքականությունը Հայաստանում: Այո, կուսակցությունը ոհմակ չէ, թայֆա չէ, և կուսակցական լինել՝ չի նշանակում՝ սեփական ուղեղը հանել և միայն կոճակ սեղմել այնպես, ինչպես կասի կուսակցությունը»:

Տեսանյութեր

Լրահոս