Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը դիմել է քաղաքապետին՝ լուծարելու թիվ 11 դպրոցի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը
Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ հորդորելով նրան լսել և կատարել թ. 11 դպրոցի աշակերտների ծնողների պահանջը՝ կապված դպրոցի տնօրենի գործողությունների հետ՝ լուծարելով նրա հետ կնքած աշխատանքային պայմանագիրը:
Խմբակցության հայտարարության տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:
«Հարգելի՛ պարոն Մարգարյան,
Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թ. 11 դպրոցի աշակերտներն ու ծնողները և 110 մանկավարժներ իրենց ստորագրություններով պահանջում են լուծել դպրոցի տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը, որովհետև նրան այլևս չեն վստահում իրենց երեխաների կրթության իրավունքի իրացման գործընթացը ստորև նշված մի շարք պատճառներով:
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ գլխի 19-րդ հոդվածում սահմանվում են ուսումնական հաստատություններում կրթական գործընթացի մասնակիցները, որոնց մեջ առաջին տեղում սովորողն է, երկրորդում՝ ծնողը, ապա մանկավարժական աշխատողներն ու վերջում՝ վարչական աշխատողները:
Օրենքով ամրագրված այս հաջորդականությունը պատահական չէ, երեխաների կրթության սահմանադրական իրավունքի իրացնողները՝ մանկավարժները, աշխատավարձ են ստանում այս գործընթացին մասնակցելու համար, իսկ տնօրենն էլ աշխատավարձ է ստանում երեխաների սահմանադրական իրավունքը Սահմանադրության և ՀՀ օրենքների տառին ու ոգուն համապատասխան կազմակերպելու համար:
Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ կետում ամրագրված հանրակրթության նպատակների մեջ ամենակարևոր կետը ապագա քաղաքացու ձևավորումն է, այն քաղաքացու, ով օրենքի 20-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն, իրավունք ունի ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները, որը ենթադրում է նաև այն պաշտպանելու իրավունք:
Դա էլ փորձել են իրականացնել սովորողները, մանկավարժները, սակայն քանի որ տնօրենը դպրոցում չի ապահովում օրենքով պահանջվող ժողովրդավարական կառավարման սկզբունքները («Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 5, կետ 3), որոնց պարզապես չի տիրապետում, այլ կառավարում է իրեն հատուկ հակաօրինական մեթոդներով:
Դուք պարտավոր եք լսել նրանց ու կատարել այդ պահանջը:
Պարտավոր եք լսել նաև ծնողների ու աշակերտների պահանջին միացած 110 մանկավարժներին, ովքեր այդ պահանջն ամրագրել են իրենց ստորագրություններով:
Կից ներկայացնում եմ ստորագրություններով ամրագրված այդ պահանջը:
Հարգանքով՝ «ԵԼՔ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ԽԱԺԱԿՅԱՆ»