«Իմ այս հաղթանակը, ինչպես մյուս հաղթանակները, նվիրում եմ մեր հերոս զինվորներին». Արթուր Ալեքսանյան
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունեցավ երկու չեմպիոն և մեկ բրոնզե մեդալակիր: 4-րդ անգամ Եվրոպայի չեմպիոն դարձավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի, աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Հավաքականի մյուս անդամը՝ Մաքսիմ Մանուկյանը, առաջին անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Հիշեցնենք, որ Մաքսիմ Մանուկյանը 2017 թվականի Փարիզում կայացած աշխարհի առաջնության ժամանակ դարձավ ոսկե մեդալակիր: Իսկ հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Այսօր արդեն Հայաստանի հավաքականը վերադարձել է Երևան:
«Զվարթնոց» օդանավակայանում հայ ըմբիշներին դիմավորում էին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, երկրպագուները, լրագրողները: Գագիկ Ծառուկյանը նշում է, որ այս հաղթանակներն ուրախացնում ենք ոչ միայն իրեն, այլև ամբողջ հայ ազգին:
«Մենք արդեն գիտենք, որ այս հաղթանակներին հասել ենք մեր աշխատանքի շնորհիվ: Մեր հսկաները մեզ ներկայացնում են բոլոր առաջնություններում, հնչեցնում են մեր հիմնը, բերում են ոսկե մեդալները, և ցանկացած հայ հպարտանում է իրենց ազգի չեմպիոններով և հերոսներով: Մենք դեռ շատ բան ունենք անելու, որովհետև եթե կանգնենք, հետագայում նման հաղթանակներ չենք ունենա: Անհնարին ոչինչ չկա: Պետք է աշխատել, բոլոր ոլորտներում հնարավորություն տալ ժողովրդին, որպեսզի ամեն ոլորտում էլ չեմպիոն ունենանք»:
Արթուր Ալեքսանյանը նշում է, որ իր կարիերայի 4-րդ չեմպիոնությունը Եվրոպայի առաջնությունում այնքան էլ հեշտ չտրվեց, քանի որ նախորդ երկու Եվրոպայի առաջնություններում ինքը լավ չէր մասնակցել, խնդիրներ կային, վնասվածքներ ուներ, բայց, փառք Աստծո, այս տարի ամեն բան լավ ստացվեց:
Արթուր Ալեքսանյանն այս առաջնությունում հիանալի ցուցանիշի հասավ. նա բոլոր փուլերում, այդ թվում՝ եզրափակչում, ոչ մի միավոր չի տվել մրցակցին: Այդ մասին խոսելիս՝ Արթուրը նշում է, որ ամեն բան այնքան էլ հեշտ չէր:
«Սա Եվրոպայի առաջնությունն է, այստեղ թույլ մրցակիցներ չկան: Ճիշտ է, ոչ մի միավոր չեմ տվել, և կարող էր տպավորություն լինել, որ ամեն ինչ շատ հեշտ էր, բայց ամեն մի գոտեմարտն էլ շատ դժվար էր:
Իմ այս հաղթանակը, ինչպես մյուս հաղթանակները, նվիրում եմ մեր հերոս զինվորներին»:
Սիրարփի Աղաբաբյան