BBC-ն ներկայացրել է վեց ուշագրավ փաստ Հայաստանի մասին
                                    Մինչ ներհայաստանյան իրադարձություններն իրենց վրա են սևեռել աշխարհի տարբեր առաջատար լրատվամիջոցների ուշադրությունը, բրիտանական հեղինակավոր BBC-ն ընթերցողներին է ներկայացրել վեց հետաքրքիր փաստ Հայաստանի մասին:
Հայաստանից դուրս ապրող հայերն ավելի շատ են, քան պետության ներսում բնակվողները
Լրատվամիջոցը նկատել է, որ երկրի բնակչությունը մոտ երեք միլիոն է, սակայն մի քանի միլիոն էլ բնակվում է արտասահմանում: «Մեծ համայնքներ կան Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում և Ֆրանսիայում»,- գրում է BBC-ն՝ ավելացնելով, որ հայերը վերջերս գնում են Ռուսաստան, քանի որ այն մոտ է և նրանք խոսում են ռուսերեն:
Արարատ լեռը ազգային խորհրդանիշ է

«Անգամ երբ այն գտնվում է Թուրքիայում… ձյունածածկ գագաթ ունեցող լեռը երևում է Հայաստանի մայրաքաղաք Երևանի հորիզոնում, Աստվածաշնչում այն նշվում է որպես մի վայր, որտեղ ջրհեղեղից հետո կանգ առավ Նոյի տապանը»,- գրում է լրատվամիջոցը:
Այն աշխարհի ամենավաղ քրիստոնեական քաղաքակրթություններից է

BBC-ն գրում է, որ Հայաստանն առաջին երկիրն է, որ 4-րդ դարի սկզբին պաշտոնապես ընդունել է քրիստոնեությունը որպես կրոն, և որ հայկական եկեղեցին բացարձակապես ինքնավար է մյուս քրիստոնեական եկեղեցիներից:
Շախմատի ուսուցումը պարտադիր է

2011 թվականից Հայաստանում երեխաները պարտադիր ունեն շախմատի դասեր: Երկիրը ծնունդ է տվել շատ գրոսմայստերների և ներկայում այն դպրոցներում ունի որակավորում ունեցող ավելի քան 3000 շախմատի ուսուցիչներ:
Այն հպարտանում է իր կոնյակով

Բրիտանական լրատվամիջոցը գրում է, որ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Խորհրդային Միության առաջնորդ Իոսիֆ Ստալինը Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլին որպես նվեր մի քանի տասնյակ անգամ հայկական կոնյակ է ուղարկել: Շատ տարիներ անց՝ 2013 թվականին Ռուասաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին տվեց հայկական կոնյակի մի շիշ՝ վերհիշելով այդ պատմությունը:
Շատ հայտնի մարդիկ ունեն հայկական արմատներ

Լրատվամիջոցը նրանց շարքում հիշատակում է հայտնի ֆրանսահայ երաժիշտ Շառլ Ազնավուրին, գրոսմայստեր Գարի Կասպարովին, երգիչ Շերին և ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանին:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    