ՌԴ Դաշնային խորհուրդը նախազգուշացրել է՝ Հայաստանում վիճակը «շատ տագնապալի է»

Հայաստանում առաջացած քաղաքական ճգնաժամի լուծման ուժային տարբերակը, որին կոչ է արել ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, անթույլատրելի է և կասկածի տակ է դնում վարչապետի ընտրության լեգիտիմությունը, իսկ երկրին լուրջ հետևանքներ են սպասվում, այդ թվում՝ արտաքին քաղաքականության ոլորտում: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտարարել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը։

Գործակալությունը նշում է, որ Փաշինյանը, որին երեկ խորհրդարանը չի ընտրել վարչապետ (կողմ քվեարկել է 45 պատգամավոր՝ անհրաժեշտ 53-ի փոխարեն), կոչ արել համակիրներին մայիսի 2-ի առավոտից իրականացնել քաղաքացիական անհնարազանդության ակցիաներ, հայտարարել համընդհանուր գործադուլ, փակել բոլոր փողոցները, օդանավակայան տանող ճանապարհը։

Սակայն գործակալությունը չի նշում, որ Փաշինյանը ճգնաժամի լուծման ուժային տարբերակի կոչ չի արել, հակառակը՝ բազմիցս հայտարարել է, որ անհնազանդության գործողությունները խաղաղ են, բաց ձեռքերով, նաև չպետք է խոչընդոտել ԱԻՆ, Փրկարար ծառայության աշխատակիցների, բժիշկների, հրշեջ և շտապ օգնության, ինչպես նաև ՊՆ համարանիշներով մեքենաների տեղաշարժը:

«Չի կարելի նման ձևով գալ իշխանության, քանի որ հետո այդ վարչապետի լեգիտիմությունը կասկածի տակ կդրվի»,- ասել է Ջաբարովը:

«Իրադարձությունների նման զարգացումը Հայաստանի համար հղի է լուրջ հետևանքներով ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտաքին քաղաքականության ոլորտում. Երևանն ունի թշնամիներ, որոնք չեն հապաղի օգտվել այդ իրավիճակից»,- հավելել է սենատորը:

Երկրում ստեղծված իրավիճակը Ջաբարովը բնորոշել է որպես «շատ տագնապալի»: «Նրանից հետո, երբ Փաշինյանը կոչ արեց անհնազանդության, արգելափակելու կենսական կարևորության զարկերակները, շատ մեծանում է ընդդիմության առաջնորդի համախոհների և ոստիկանության բախումների հավանականությունը»,- նշել է նա:

Ջաբարովը կողմերին կոչ է արել բանակցել և հույս է հայտնել, որ վերջին հաշվով կհաղթի ողջամտությունը:

«Շփոթեցնում է, որ նախագահական կառավարման համակարագից խորհրդարանականի անցումն այդքան ցավոտ է ընթանում, նշանակում է՝ ամեն չէր մտածվել։ Ակնհայտ է, որ ինչ-որ պահի իրադրությունը դուրս է եկել վերահսկողությունից»,- ասել է Ջաբարովը՝ հավելելով, որ անհրաժեշտ է անհապաղ խորհրդարանական ընտրություններ անցկացնել և փոխել վարչապետի ընտրության ընթացակարգը, օրինակ՝ խորհրդարանական ուժերի կոալիցիայի հիման վրա:

Տեսանյութեր

Լրահոս