Բաժիններ՝

Իրանն ապրիլին նավթի արտահանման ռեկորդ է սահմանել ԳՀՀԾ-ի իրագործման սկսվելուց ի վեր. Shana

Իրանի կողմից նավթի արտահանումը ապրիլին կազմել է օրական 2,62 մլն բարել, ինչը ռեկորդ է դարձել 2016 թվականի հունվարին իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) իրագործման սկսվելուց ի վեր: Այդ մասին հայտնել է Shana գործակալությունը:

Նրա տվյալներով՝ Իրանի ազգային նավթընկերությունը ապրիլին միջին հաշվով օրական 2,88 մլն բարել նավթ ու գազախտուցք է արտահանել եվրոպական ու ասիական շուկաներ: Իրանական նավթամթերքի 60 տոկոսը վաճառվել է Չինաստանին, Հնդկաստանին, Հարավային Կորեային եւ Ճապոնիային: Միայն Չինաստանն ու Հնդկաստանը օրական ներմուծել են մոտավորապես 1,4 մլն բարել նավթ:

Արտահանման աճը, ինչպես նշում է գործակալությունը, կապված է գործարքից հնարավոր դուրս գալու վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արած հայտարարության հետ: Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով:

Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը խստիվ քննադատում է այդ համաձայնագիրը եւ սպառնում է դուրս գալ դրանից՝ փաստաթուղթը համարելով «վատագույն գործարքը» ԱՄՆ-ի համար:

Համաձայնագրի վերանայման դեմ վճռականորեն հանդես են գալիս Ռուսաստանը եւ Չինաստանը: Իրանը պնդում է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները վերանայման ենթակա չեն: ՄԱԳԱՏԷ-ն, որն ստուգում է Թեհրանի կողմից ԳՀՀԾ-ի պայմանների կատարումը, հաստատում է, որ Իրանի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս