Իսրայելցի զինվորականների հետ բախումների հետևանքով ավելի քան 10 պաղեստինցի է զոհվել. կան հարյուրավոր վիրավորներ
Գազայի հատվածում իսրայելցի զինվորականների հետ բախումների հետևանքով նվազագույնը 11 մարդ է զոհվել, ևս 600 մարդ վիրավորվել է: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ ալ-Կիդրան:
Ավելի վաղ Իսրայելը հայտնել էր, բազմահազարանոց բողոքի ակցիայի ավելի ագրեսիվ մասնակիցների դեմ հրազեն է կիրառում: Իսրայելցի զինվորականներն արյունահեղության պատասխանատվությունը դնում են ակցիայի կազմակերպիչների վրա՝ պնդելով, որ այդ ակցիաների հետևում կանգնած են ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները:
Պաղեստինցի բժիշկները սոցիալական ցանցերի միջոցով իրենց հայրենակիցներին կոչ են անում վիրավորների համար արյուն հանձնել: Հարավային Հան-Յունիս քաղաքի հիմնական հիվանդանոցներն արդեն հայտնել են, որ ի վիճակի չեն նոր տուժածների ընդունել, քանի որ հիվանդասենյակները լեփ լեցուն են: