Հունաստանի պաշտպանության նախարարը հայ-հունական ռազմական փոխգործակցությունն ակտիվացնելու ներուժ է տեսնում

Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսը Հայաստանի և Հունաստանի միջև ռազմական փոխգործակցությունն ակտիվացնելու հնարավորություններ և ներուժ է տեսնում: ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Հունաստանի ազգային պաշտպանության նախարարն ընդգծեց, որ «ԱրմՀայԹեք-2018» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում նախատեսված են ռազմաարդյունաբերական ոլորտի հայկական և հունական ընկերությունների հանդիպումներ, որոնք կարող են փոխգործակցության եզրեր գտնել: «Նման միջոցառումները հնարավորություն են ընձեռում կողմերի միջև ծավալուն երկխոսության համար»,- ասաց Կամենոսը:

Նրա գնահատմամբ՝ պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հունաստանի փոխգործակցության ջանքերը կարող են հանգեցնել լավ արդյունքների: «Օրինակ, եթե մենք հայկական արտադրանք ունենք, որը կարող է արտադրվել Հունաստանում, կարող է ԵՄ և ՆԱՏՕ-ի սերտիֆիկատ ունենալ և այլ շուկաներ մտնել: Նույնը վերաբերվում է նաև հայկական կողմին, որը կարող է համագործակցել տարածաշրջանի շատ երկրների հետ»,- նշեց Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը:

Նա հավելեց, որ իրենք շատ գումարներ են ծախսել գործընկեր երկրների հետ ռազմական արդյունաբերության ոլորտում արդյունավետ համագործակցության համար, և եկել է ժամանակը, որ նույնն անեն նաև Հայաստանի հետ:

Տեսանյութեր

Լրահոս