«Իրանական ներդրումներն Ադրբեջանում արդեն հասել են 3 մլրդ դոլարի». Արմեն Վարդանյան

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանին մարտի 28-ին պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան։ Ռուհանին Ադրբեջանում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով:

«Մենք կարծում ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով: Մենք ցանկանում ենք ականատեսը լինել նրա, թե ինչպես է տարածաշրջանում Ադրբեջանի և Հայաստանի ջանքերով հաստատվում ամուր կայունություն: Ուրախ ենք, որ այս հարթության մեջ գործադրվում են դիվանագիտական ջանքեր»,- մասնավորապես ասել է նա։

ՄԱՀՀԻ փորձագետ, իրանագետ Արմեն Վարդանյանը 168.am-ի հետ զրույցում նկատեց, որ Իրանը միշտ էլ հայտարարել է՝ ղարաբաղյան հարցը չունի ռազմական լուծում, սա առաջին դեպքը չէ. «Ապրիլյան պատերազմի ժամանակ էլ Իրանը կողմերին կոչ արեց՝ նստել բանակցային սեղանի շուրջ։ Այնպես որ, նորություն չէ, սա իրանական դիրքորոշումն է։ Իրանը սահմանակից է երկու երկրներին էլ և, բնականաբար, չի ցանկանում, որ իր հյուսիսային սահմանների մոտ պատերազմական գործողություններ ծավալվեն։ Նույնիսկ տեղեկություն կա, որ ապրիլյան պատերազմի ժամանակ Ռուհանին անձամբ է զանգահարել Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու նստել բանակցային սեղանի շուրջ։ Դա հստակ ազդանշան է նաև Ադրբեջանին, որ Իրանը դեմ է ռազմական ճանապարհով այդ կոնֆլիկտի լուծմանը»։

Ինչ վերաբերում է Իրան-Ադրբեջան տնտեսական հարաբերությունների խորացմանը, իրանագետը չի կարծում, թե դա ուղղակի սպառնալիք կարող է լինել Հայաստանի անվտանգությանը։

«Իրանի դիրքորոշումը բավականին հավասարակշռված է Հայաստանի և Ադրբեջանի մասով։ Տնտեսական առումով Իրանն ու Ադրբեջանը բավականին լավ հարաբերություններ ունեն․ իրանական ներդրումներն Ադրբեջանում արդեն հասել են 3 մլրդ դոլարի, Իրան-Ադրբեջան ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա կտրվածքով հասել է 1 մլրդ դոլարի՝ ի տարբերություն Հայաստանի, որը 270-290 մլն դոլար է կազմում։ Բայց դա բնական է Իրանը պետք է փորձի հարաբերվել իր հարևանների հետ։ Դա Հայաստանի անվտանգության համար ուղղակի սպառնալիք չի պարունակում»։

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Իրանի հետ համատեղ կառուցվող Աստարա-Ռեշտ երկաթգիծը, որը «Հյուսիս-Հարավ» նախագծի մաս է հանդիսանում, ամբողջ եվրասիական տարածաշրջանի համար նոր հնարավորություններ կբացի։ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը կոչված է միացնելու Հյուսիսային Եվրոպան Հարավարևելյան Ասիայի հետ, այդ թվում՝ միավորել Ադրբեջանի, Իրանի ու Ռուսաստանի երկաթգծերը։

Որպեսզի Հայաստանը դուրս չմնա տարածաշրջանային գործընթացներից, ըստ Ա. Վարդանյանի՝ պետք է արագ ավարտին հասցնի «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարությունը. «Միակ սպառնալիք Հայաստանի համար այն կարող է լինել, որ Իրանն իր երկաթուղային ցանցը միացնի ադրբեջանական ցանցին։ Դա կնշանակի, որ Հայաստանն ինչ-որ չափով կմեկուսացվի տարածաշրջանային ծրագրերից։ Հայաստանը պետք է նախաձեռնողականություն դրսևորի և քայլեր իրականացնի Իրանի հետ։ Եթե գումար չունեն Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման համար, գոնե շատ արագ տեմպերով կառուցվի «Հյուսիս-Հարավ» մայրուղին։ Այդ դեպքում իրանական ապրանքների զգալի մասը Եվրոպա դուրս կգա ոչ թե Ադրբեջանի ճանապարհով, այլ հենց Հայաստանի ճանապարհով, որովհետև ավելի կարճ է ճանապարհը»։

Տեսանյութեր

Լրահոս