ՀՀ նախագահն ու վարչապետը չեն կարողանա իրենք իրենց պարգևատրել
ԱԺ արտահերթ նիստում այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ ՀՅԴ-ն ներկայացրել էր առաջարկություն, որպեսզի պարգևատրման արգելք մտցվի ոչ միայն ՀՀ նախագահի, այլև ԱԺ նախագահի, ՍԴ նախագահի, արդարադատության խորհրդի նախագահի համար։
Ըստ նրա՝ գործող օրենքում արգելքը միայն ՀՀ նախագահի համար էր, քանի որ նա է պարգևատրում և տրամաբանական ու նպատակահարմար չէր ինքն իրեն պարգևատրելը։ Փոխնախարարի խոսքով՝ կառավարությունն ավելացրել է արգել վարչապետի համար, որովհետև նրա միջնորդությամբ է նախագհը պարգևատրում. «Դրա համար այս արգելքը դրեցինք նախագծում»։
Ա. Հովհաննիսյանը նշեց, որ մյուս պաշտոնատար անձանց համար արգելք չի սահմանվել։
Նրա խոսքով՝ որոշվել է «Ազգային հերոս» կոչումը առանձին պարգև սահմանելու համար, սակայն դա կարվի սահմանադրական փոփոխությունից հետո, այլապես հակասություն կա։
«Անձի բարձրագույն պարգևատրումը «Հայրենիքի շքանշանով» պարգևատրումն է և նա համարվում է ազգային հերոս»,- ասաց փոխնախարարը։