Բաժիններ՝

«Ջրամբարների ներկայիս պաշարները կարող են որոշակի ռիսկեր առաջացնել ոռոգման ջրամատակարարման տեսանկյունից». Կարեն Կարապետյան

Այսօր կառավարության նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց ոռոգման շրջանի նախապատրաստման աշխատանքների վերաբերյալ:

«Կառավարությունում կայացած խորհրդակցության ընթացքում Ջրային պետական կոմիտեն ներկայացրել է ջրամբարների լցվածության տվյալները և 2018 թ. ոռոգման շրջանի նախապատրաստման ախատանքները, քննարկվել են նաև ըստ մարզերի ոռոգման պայմաններն ու առաջնահերթությունները»,- ասաց վարչապետը:

Հաշվի առնելով, որ ջրամբարների ներկայիս պաշարները կարող են որոշակի ռիսկեր առաջացնել ոռոգման ջրամատակարարման տեսանկյունից, Կ.Կարապետյանը հանձնարարեց Ջրպետկոմի նախագահին 7-օրյա ժամկետում շահագրգիռ մարմինների հետ համատեղ մշակել և Ֆինանսների նախարարություն ներկայացնել շարժական պոմպային սարքավորումների, խորքային պոմպերի ձեռքբերման, չշահագործվող խորքային պոմպերի վերականգնման, ինչպես նաև նորերի հորատման նախագծային աշխատանքների ֆինանսական հաշվարկները` հաշվի առնելով գյուղատնտեսական տնտեսությունների ոոռոգման ջրի ապահովվածությունը:

Ֆինանսների, բնապահպանության նախարարներին վարչապետը հանձնարարեց առաջին կետով նախատեսված փաթեթը ստանալուց հետո 10-օրյա ժամկետում Ջրպետկոմի հետ համատեղ նախաձեռնել համապատասխան գնումների և աշխատանքների մեկնարկման գործընթացը և դա ավարտին հասցնել ապրիլի 16-ին` միաժամանակ ապահովելով օրենքով սահմանված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննությունը հնարավորինս սեղմ ժամկետներում:

Գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, Ջրպետկոմի նախագահին և մարզպետներին Կ.Կարապետյանը հանձնարարեց երեքամսյա ժամկետում ամփոփել ջրային ոլորտում առկա ներդրումային ծրագրերը, որոշել 2019 թ. առաջնահերթությունները և համապատասխան առաջարկներ ներկայացնել կառավարության աշխատակազմ, ինչպես նաև ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների պլանավորումն այսուհետ սկսել աշուն-ձմեռ ժամանակահատվածում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս