Երևանի պատմության թանգարանում բացվել է իրանական մշակույթին նվիրված ցուցահանդես
Երևանի քաղաքապետարանի՝ մայրաքաղաքում գարնանային զբոսաշրջության խթանմանը միտված միջոցառումների ծրագրով Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է արդեն ավանդական դարձած «Մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված իրանական մշակույթին:
Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Բացման արարողությանը ներկա էին նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը և տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:
Ցուցահանդեսում ներկայացված է 17-19-րդ դարերին վերագրվող ավելի քան 50 ցուցանմուշ, այդ թվում՝ գեղանկարներ, գորգեր, մանրանկարներ, տարազներ, կենցաղային և ծիսական իրեր:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 31-ը:
Նշենք նաև, որ Երևան քաղաքի պատմության թանգարանում «Մշակութային երկխոսություն» խորագրի ներքո պարբերաբար կազմակերպվում են տարբեր երկրների մշակույթը ներկայացնող ցուցահանդեսներ: