«Ոսկե տառերը» դեռ պետք է վաստակել

«Ժողովուրդները կոշտ մրցակցության մեջ են, դա եղել է ամբողջ պատմության ընթացքում, և դրանից զերծ չենք նաև մենք, առավել ևս՝ մեր աշխարհագրական հարևանությամբ պայմանավորված: Եվ, իսկապես, եթե Հայաստանի որևէ իշխանություն ապագա վարչապետի, նոր իշխանությունների, նախագահի մասնակցությամբ կարողանան կառավարել այնպիսի արդյունավետությամբ, որ մենք՝ որպես ժողովուրդ, աշխարհագրական մեր նեղ միջավայրում ունենանք հարաճուն և անխախտ գերակայություն, նման իշխանավորների անունն իսկապես ոսկե տառերով կգրվի պատմության ապագա էջերում: Կարծում եմ՝ հասկանալի է, ես նկատի ունեմ նախ և առաջ՝ հայ-ադրբեջանական մրցակցությունը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է նա գտնում, որ ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի անունը պետք է ոսկե տառերով գրվի պատմության մեջ:

Ըստ նրա` այդ «ոսկե տառերը» դեռ պետք է վաստակել:

Անդրադառնալով իշխանություններին ուղղված Ա.Սարգսյանի քննադատությանը` մինչ այս վարած քաղաքականության, սոցիալական լարվածության ուժեղացման հետ կապված, Ս.Ֆարմանյանն արձանագրեց. «Հաշվի առնելով մեր պետության զարգացման ամբողջ ճանապարհը` իր բոլոր թերություններով և ձեռքբերումներով, մենք այսօր գտնվում ենք մի հանգրվանում, որտեղ իրականության բացորոշումը կամ գնահատումը ոչ թե քննադատություն է, այլ իրականության բացորոշում:

Եթե բանական որևէ էակ կարծում է, որ մեր երկրում չկան պրոբլեմներ, ապա նման մտածողությամբ անձը որևէ տեսակ արդյունավետությամբ չի կարող օգնել, աջակցել պետականաշինության գործին: Ես այդ ամենը չեմ լսում առաջին անգամ: Ես այդ ամենը լսել եմ բազմաթիվ անգամ, նաև նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերում: Դա մեր իրականությունն է, որում մենք ապրում ենք, որը փոխելու պատմական անհրաժեշտության առջև մենք կանգնած ենք՝ որպես ժողովուրդ, որն ունի նպատակներ և պետք է դրսևորի կամք այդ նպատակները կյանքի կոչելու համար»:

Ս.Ֆարմանյանը համաձայնեց, որ եղած բացթողումները տվյալ պահին և մինչ այդ գործած իշխանությունների այս կամ այն չափով ունեցած բացթողումների արդյունքն է. «Եվ այստեղ կարևոր է, որ ոչ թե իշխանությունները բոլոր հնարավոր ու անհնար մեթոդներով ժխտեն այդ խնդիրները, այլ կամք ունենան արձանագրելու և, դրանք լուծելով, առաջ գնալու համար»:

Տեսանյութեր

Լրահոս