Վարչապետը հանձնարարեց բարեկարգել «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևան տանող ճանապարհահատվածը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ հիշեցրեց, որ 2017 թվականի դեկտեմբերի 14-ին անդրադարձել էին քաղաքների մուտքի և ելքի ճանապարհների, ճարտարապետական լուծումների կանոնակարգման և միջավայրի բարեկարգման հարցերին, հատկապես` հաշվի առնելով այս տարվա երեք խոշոր իրադարձությունները և զբոսաշրջային այցերը։
«Հաշվի առնելով, որ հարկավոր է սեղմ ժամկետներում կատարել բարեկարգման աշխատանքները` հանձնարարում եմ Ֆինանսների նախարարին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, ինչպես նաև առաջարկում եմ Երևանի քաղաքապետին՝ 1-ամսյա ժամկետում համատեղ մշակել՝ «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևան տանող ճանապարհի հատվածի բարեկարգման, ճարտարապետական մոտեցումների, խորհրդանիշների տեղադրման միասնական լուծումները, ինչպես նաև` նախագծային փաստաթղթերը, այդ թվում` ակնկալվող ֆինանսական ծախսերը և համապատասխան փաթեթը ներկայացնել Կառավարության աշխատակազմ»,- ասաց նա:
Վարչապետը նաև առաջարկեց Գյումրու քաղաքապետին` առավելագույնը երկամսյա ժամկետում «Կումայրի վերածնունդ» ներդրումային ֆոնդի հետ համատեղ, ապահովել՝ «Շիրակ» օդանավակայանից դեպի Գյումրի, Գյումրու հրապարակի հարակից տարածքի և դեպի Երևան տանող ճանապարհների բարեկարգման, ինչպես նաև` կանաչապատման աշխատանքների ավարտը։