«Սերժ Սարգսյանը երբևէ իր որևէ խոստում չի դրժել». Միհրան Պողոսյան

«Ինքն ասել է իր կարծիքը, իր ցանկությունը: Ես այդպես եմ գնահատում: Իսկ իրավիճակը ինչ կլինի, մենք դեռ կտեսնենք, և կտեսնենք՝ մեր քաղաքական դաշտը, տնտեսական զարգացումն ինչ է պահանջում և ինչ փոփոխություններ կլինեն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը` մեկնաբանելով Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ ինքը չի հավակնում ո՛չ վարչապետի, ո՛չ նախագահի պաշտոնին:

Ըստ նրա` Սերժ Սարգսյանը երբևէ իր որևէ խոստում չի դրժել, սակայն դա Սարգսյանի կողմից խոստում չէր, այլ` կարծիք. «Դա կոնկրետ մարդու ցանկություն է»:

Մ.Պողոսյանը հայտարարեց, թե Սերժ Սարգսյանն անփոխարինելի ղեկավար է. «Ես մի քանի անգամ ասել եմ՝ որպես պաշտոնյա, որը կարող է բալանսավորել ուժերը, որը կարողանում է այսօրվա մեր իրականության մեջ և՛ միջազգային ասպարեզում, և՛ ներքին խնդիրների լուծման հարցում, հանդիսանալ՝ որպես բալանս, դա ինքն է, սրա մասին երկրորդ կարծիք չի կարող լինել»:

Թե ի՞նչ է լինելու Սերժ Սարգսյանից հետո ՀՀԿ-ի ճակատագիրը, Մ.Պողոսյանը չի մտահոգվում. «Կուսակցությունը համալրվեց նոր եռանդուն կադրերով: Ես կարծում եմ, որ կուսակցությունը դեռ շատ ապագա ունի, և մենք ականատես կլինենք կուսակցության հաղթանակին»:

Նոր նախագահի թեկնածուի մասին պատգամավորն ասաց, որ նա լավագույն թեկնածուն է միջազգային ասպարեզում լավագույնս կդրսևորի խնդիրների լուծումը, և այս կարծիքը ոչ միայն ՀՀԿ-ի, այլև մյուս բոլոր գործընկերների կարծիքն է:

Տեսանյութեր

Լրահոս