«Դեղատներում խայտառակ վիճակ է. նույնիսկ հասարակ «Ասկոֆեն» չկա». Մելիտա Հակոբյան

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ դեղատներից դեղերի բաց թողնման կարգի փոփոխությանը՝ ընդգծելով, որ դեղատներում խուճապային վիճակ է ստեղծվել.

«Դուք շատ լավ գիտեք, թե վերջին թանկացումներն ինչ վիճակի հասցրին մեր ազգաբնակչությանը, հիմա էլ դեղերի դեղատոմսով դուրս գրելու իրավիճակը։ Ուզում են ամեն ինչը վերահսկողության տակ պահել, դա շատ լավ է, բան չունեմ ասելու։ Ես՝ որպես մասնագիտությամբ բժիշկ, կարծում եմ, որ ամեն հիվանդ պետք է ստանա իրեն հասանելի բուժումն ու դեղերը, և ոչ թե՝ բարեկամի, հարևանի, ընկերոջ ուղղորդմամբ ինչ-որ դեղեր գնի։ Բայց այստեղ շատ բայցեր կան. մենք ուզում ենք այս իրավիճակը կարգավորե՞լ, թե՞ էլ ավելի խրթին դարձնել։ Մեր մասնագետները գրեթե բոլոր դեղատներում եղել են ու տեսել, որ խայտառակ վիճակ է։ Նույնիսկ հասարակ «Ասկոֆեն» չկա, ասում են՝ հենց նոր վերջացավ։ Այսինքն՝ սա ինչ-որ մի խայծ էր՝ դեղամիջոցների առատ վաճառքի, թե մի ուրիշ բան»։

Ըստ Հակոբյանի՝ այս քայլերով առողջապահության համակարգը տանում են դեպի պարտադիր ապահովագրություն, ինչը մասնագետն այսօրվա պայմաններում ճիշտ չի համարում. «Մենք ամեն ինչ պետք է հասցնենք այն մակարդակի, որ Հայաստանի քաղաքացին իրեն գոնե մի քիչ մարդ զգա, որից հետո նա կարող է այդ բոլոր ինստանցիաներով անցնել։ Որպես բժիշկ՝ ես գիտեմ, որ հորմոնալ պրեպարատները չի կարելի չարաշահել, բայց մինչև այս օրենքի ընդունումը մենք շատ լավ գիտենք, որ ցանկացած հոգեմետ դեղ եղել է դեղատոմսերով, և ոչ ոք առանց դեղատոմսի չի վաճառել, բացի դեղատոմսից՝ անձնագիր էլ են պահանջել։ Ինչ վերաբերում է հակաբիոտիկներին, ապա հիվանդն ի՞նչ իմանա՝ բժիշկն ի՞նչ պրեպարատներ է իրեն նշանակում․ այն պրեպարատները, որ իրեն ձեռք է տալիս, որ պետք է թանկ և ոչ էֆեկտիվ լինի, կան և դրան համարժեք ավելի էժան և ավելի էֆեկտիվ դեղեր։ Հիմա բժիշկներն այնպիսի հակաբիոտիկներ են նշանակում, որ մարդիկ հայտնվում են ծանր վիճակում։ Մենք բազմաթիվ բողոքներ ենք ստանում, մարդիկ ուզում են բժշկին դատի տալ»։

Հակոբյանի խոսքով՝ բժիշկները հիմա նշանակում են ամենաթանկ և ամենաուժեղ հակաբիոտիկները. «Բայց ժամանակին մենք «Պենիցիլինով» ինչ հիվանդներ էինք բուժում, ընդհուպ մինչև սիֆիլիսը կարողանում էինք 3 ժամը մեկ ներարկելով՝ բուժել։ Իսկ այսօր այնպիսի դեղեր են դուրս եկել, որ վեներական հիվանդությունները 3-4 օրում ոչ թե բուժում են, այլ թեթև փակում այդ հիվանդությունը։ Ես այն կարծիքին եմ, որ պետք է առաջին հերթին մարդկանց ինքնագիտակցությունը բարձրանա, որ կարողանան նորմալ բժիշկ ու դեղատուն ընտրել։ Բացի այն, որ սպառողը բավականին շատ կտուժի, նաև կոռուպցիոն ռիսկեր կառաջանան»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս