«Ադրբեջանցիները ագրեսոր են», «Մենք խաղաղություն ենք ուզում». հոլանդահայերի երթը ծառայել է նպատակին
Հաագայի Խաղաղության պալատի մոտից Նիդերլանդների հայկական կազմակերպությունների անդամների քայլարշավ-երթը բարեհաջող ընթացք է ունեցել: Երթի մասնակից երիտասարդները «Ադրբեջանցիները ագրեսոր են», «Մենք խաղաղություն ենք ուզում», «Արցախի ժողովրդի պաշտպանություն» անգլերեն և հոլանդերեն վանկարկումներով հասել են Ադրբեջանի դեսպանատան մոտ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է «Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա»-ի նախագահ Մաթո Հախվերդյանը, դեսպանատան դիմաց հայերեն, ապա նաև ադրբեջաներեն ելույթ է հնչեցվել 30 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի առնչությամբ, որոնք իրենց շարունակությունն են ունենում նաև այսօր:
«Նշվեց, թե ինչպես է հակամարտությունը գնացել էսկալյացիայի, և խաղաղ ճանապարհով հարցը լուծելու մեր ցանկության մասին: Մենք նաև դիմել ենք հոլանդական պետական կառույցներին` խորհրդարանին, արտաքին գործերի նախարարությանը, որ իրենց խողովակներով միջամտեն Արցախում սահմանի երկայնքով կրակի դադարեցմանն ուղղված մոնիտորինգի իրականացմանը»,-ասաց Մաթո Հախվերդյանը: Նա նշեց, որ հնչեցրել են նաև բոլոր երկրների կողմից Արցախի` լիիրավ ճանաչման ու անկախ պետություն դառնալու կոչը:
Սումգայիթյան ջարդերի և Արցախյան ազատամարտի 30-ամյակի կապակցությամբ կազմակերպված քայլարշավ-ցույցին մասնակցել են «Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա»-ի, Հայ դատի հանձնախմբի, ՀՅԴ Նիդերլանդների «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության ներկայացուցիչները:
Մաթո Հախվերդյանը տեղեկացրեց, որ առաջիկայում ծրագրում են ոգեկոչման միջոցառումներ և հավաքներ իրականացնել ապրիլի 24-ի կապակցությամբ: «Նորից հանրագիր ներկայացնենք ապրիլի 24-ի օրերին բազմամարդ ցույց և ոգեկոչման արարողություններ իրականացնելու վերաբերյալ»,-հավելեց նա: