«Նույնիսկ կան դատավորներ, որոնց դեմ հայց է հարուցվում, որ կատարեն իրենց ալիմենտային պարտավորությունները». Արփինե Հովհաննիսյան

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ Դատական բարձրագույն խորհրդի ձևավորումը դատական իշխանության բարեփոխումների վերջն է.

«Իրենց ընտրելով՝ մենք սկիզբ ենք դնում դատական բարեփոխումները կյանքի կոչելուն։ Ցանկացած պետության պայմաններում խոսել սոցիալ-տնտեսական զարգացման մասին՝ ավելորդ է, եթե չունենք պատշաճ դատական համակարգ, և հիմա Դատական բարձրագույն խորհրդի հիմնմամբ, մենք սկիզբ ենք դնում իրականում դատական բարեփոխումները կյանքի կոչելուն։ Ե՛վ սահմանադրական բարեփոխումների, և՛ Դատական օրենսգրքի ընդունման մասով ես միշտ այն եզրահանգմանն եմ եղել, որ մենք կարող ենք երկրում ունենալ դատական համակարգ, որը մեր ակնկալիքները բավարարում է երկու դեպքում՝ կադրային ճիշտ քաղաքականություն, դատավորների պատասխանատվություն։

Այս մարմնի դերը հիմնականում այդ երկու գործառույթների մեջ է։ Հետևաբար, մենք սկիզբ ենք դնում տրամագծորեն նոր գործընթացի, և արդյունքները մեզ սպասեցնել չեն տալու։ Կարճ ժամանակահատվածում արդյունքները տեսանելի կլինեն»։

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ պարզաբանեց, թե որն է Դատական բարձրագույն խորհրդի առաքելությունը, ինչ ակնկալիքներ ունենալ այդ մարմնից. «Մենք ունենք դատավորներ, որոնք օր ու գիշեր անխոնջ աշխատում են դատական համակարգի պատիվը բարձր պահելու համար, բայց, ցավոք, դատական համակարգում կան նաև այնպիսի ներկայացուցիչներ, որոնք այդ պատվաբեր առաքելությունն այդքան էլ հաջողությամբ չեն իրականացնում։

Դատական բարձրագույն խորհրդի իրավանախորդ Արդարադատության խորհուրդը չէր կարող ապահովել դատական համակարգի անկախությունը՝ չլինելով անկախ և վերածվելով դատավորների կորպորատիվ շահի պաշտպանության փաստաբանի կամ այդպիսի դերակատարություն ունենալով։ Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման այսպիսի սկզբունքների ժամանակ եղել են բավականին թեժ բանավեճեր։

Քանի դեռ մենք դատական համակարգում ունենք դատավորներ, որոնք իրավական, կոռուպցիոն, մարդկային որակների տեսանկյունից կարող են խնդրահարույց լինել, և նույնիսկ կան դատավորներ, որ ալիմենտային պարտավորությունների համար իրենց նկատմամբ են հայց հարուցում, որպեսզի իրենք իրենց ալիմենտային պարտավորությունները կատարեն, և մի շարք այսպիսի այլ անհատներ, բնականաբար, Արդարադատության խորհուրդը նախկինում պետք է ունենար խնդիրներ։ Իսկ հիմա Բարձրագույն դատական խորհուրդը պետք է կարողանա ստանձնել որոշակի առաքելություն»։

Ինչ վերաբերում է ակնկալիքներին, նա ասաց, որ սահմանադրական նոր մարմին ձևավորելիս կարևոր է այն հանգամանքը, որ չափազանցված ակնկալիքներ չձևավորվեն, իսկ հետո դատափետեն այն. «Այս մարմինը նոր է ձևավորվում, այն ունի առաքելություն, որը չափազանց կարևոր է. դատավորների լիազորությունների դադարեցումից՝ մինչև դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկել, դատական կորպուսի ձևավորում, և այլն։ Իրականում կարևորագույն խնդիրներ»։

Տեսանյութեր

Լրահոս