«Մտավախություն ունեմ, որ ամերիկացիները հերթական անգամ քրդերին կդնեն առևտրի սեղանին». Ռուբեն Սաֆրաստյան

«19-րդ դարից մենք տեսնում ենք, որ քրդերն օգտագործվում են այլ պետությունների կողմից, այդ թվում նաև՝ Թուրքիայի։ Մենք այսօր ականատես ենք այդ իրողությանը՝ նոր պայմաններում։ Ըստ էության, քրդերն օգտագործվում են ԱՄՆ-ի կողմից, և մտավախություն ունեմ, որ ամերիկացիները հերթական անգամ քրդերին կդնեն առևտրի սեղանին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

Նրա խոսքով՝ քրդերը զգում են, որ իրենց հերթական անգամ կարող են առևտրի առարկա դարձնել. «Ռուսական կողմը չկարողացավ օգտագործել քրդական գործոնը, քրդերն ընտրեցին ԱՄՆ-ին, բայց ռուսներն իրենց կապերն ունեն քրդերի հետ, որոնք չեն կորել, և որոշակի առումով Ռուսաստանը կօգտագործի իր ձեռք բերած հեղինակությունը Սիրիայում՝ քրդերին օգտագործելու համար։ Հնարավոր կլինի քրդերի մի մասին կապել սիրիական կառավարության հետ, որ նրանք ընդունեն սիրիական կառավարության իշխանությունը՝ լայն ինքնավարության պայմաններում։ Մյուս մասը կփորձի օգտվել ԱՄՆ-ի հետ դաշնակցությունից, որպեսզի ավելի մեծ բան ստանա։ Այնպես որ, խաղն այդ առումով դեռ նոր է սկսվում։ Բայց հույս ունեմ, որ այդ խաղը կլինի դիվանագիտական, և մարդիկ քիչ կզոհվեն»։

Ինչ վերաբերում է Իրանին, ապա Սաֆրաստյանը նկատեց, որ նա լուրջ դերակատար է Սիրիայում, Մերձավոր Արևելքում. «Մենք տեսնում ենք, որ Իրանը կարողացավ իր ազդեցությունն ուժեղացնել Մերձավոր Արևելքում։ Նա հնարավորություն է ստեղծում իր համար՝ շիայական գոտու միջոցով դուրս գալ դեպի Միջերկրական ծով»։

Հարցին՝ կարծիքներ կան, որ քրդերին պետք է աջակցել, հրավիրել Արցախ, որ ռազմական իրենց փորձով կիսվեն, ինքն ի՞նչ կասի այս մասով, թուրքագետը պատասխանեց, որ չի կիսում այդ մոտեցումները. «Մեծ խաղն ընթանում է մեծ պետությունների միջև, որոնք շատ մեծ նպատակներ ունեն։ Մեր այնտեղ մտնելը բացարձակ իմաստ չունի։ Մեր հիմնական խնդիրը պետք է լինեն Սիրիայում և Մերձավոր Արևելքում մեր հայրենակիցները։ Ուրիշ մեծ խաղի մեջ չպետք է մտնենք, որովհետև կարող ենք դրա տակ մնալ»։

Տեսանյութեր

Լրահոս