«Ելքը» դեռ կպայքարի ՍԴ դիմելու համար

ԱԺ «Ելք» խմբակցությունն օրեր առաջ «Ծառուկյան» դաշինքին էր ուղարկել իր պատրաստած ՍԴ դիմումը՝ ՀՀ նախագահի ընտրությունների շուրջ ստեղծված սահմանադրական խառնաշփոթի հարցով։

Դիմումով Սահմանադրական դատարանից պահանջում են հակասահմանադրական ճանաչել ԱԺ կանոնակարգի այն դրույթները, որոնցով նախատեսվում է հանրապետության նախագահին ընտրել Ազգային ժողովում, և առաջարկվում է երկրի չորրորդ նախագահի ընտրություններն անցկացնել համաժողովրդական քվեարկությամբ։ 9 մանդատ ունեցող «Ելքն» իր ընդդիմադիր գործընկերոջից ակնկալում էր աջակցություն՝ ստորագրությունների տեսքով, քանի որ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է 21 պատգամավորի ստորագրություն։ Ու թեև մինչ օրս «Ծառուկյան» խմբակցությունից «Ելքը» պաշտոնական պատասխան չի ստացել, սակայն եղել է հրապարակային պատասխան՝ իրավական հեռանկար կամ Սահմանադրության հետ հակասություն չեն տեսնում, ուստի խմբակցությունը չի միանա Հայաստանի չորրորդ նախագահի ընտրության կարգը Սահմանադրական դատարանում վիճարկելու` «Ելքի» նախաձեռնությանը:

Թե այս իրավիճակում ի՞նչ է անելու «Ելքը», 168.am-ի հետ զրույցում խմբակցության պատգամավոր, «Ելքի» նախագահի թեկնածու Արտակ Զեյնալյանը նշեց, որ չեն հրաժարվելու պայքարից։

«Ֆորմալ առումով՝ մինչև ստորագրությունները չլինեն, չենք կարող դիմել Սահմանադրական դատարան, բայց հիմա մենք կմտածենք՝ ինչ անել։ Մենք միշտ տեսնում ենք ելք, մենք «Ելքն» ենք, չէ՞»,- ասաց Ա.Զեյնալյանը։

Կոնկրետ քայլերը պատգամավորը չբացահայտեց. «Այս պահին չեմ ասի ելքի մասին, որպեսզի առաջինը մենք օգտվենք այդ ելքից»։

Հարցին՝ այդպիսով «Ելքը» չի՞ պայքարելու խորհրդարանում՝ որպես նախագահի թեկնածու, Զեյնալյանին առաջադրելու համար, պատգամավորը պատասխանեց. «Առաջադրվելու համար խմբակցությունը պետք է ունենա ստորագրություններ՝ 1/4-ը։ Այդ ստորագրությունները «Ծառուկյան» դաշինքը հրաժարվեց տալ։ Պայքարի ուրիշ ի՞նչ եղանակ ու միջոց կա։ Չկա այս պահի դրությամբ, բայց դարձյալ ելք կա։ Ամեն դեպքում, եթե խորհրդարանում անցկացվեցին ընտրությունները, «Ելքը» չի հասցնի թեկնածու ունենալ»։

Տեսանյութեր

Լրահոս