«Նախագահի ուղերձը միտված էր մոտ ապագային և պատմական հորիզոններին». Խոսրով Հարությունյան

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Խոսրով Հարությունյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Արցախի վերածննդի օրվա և Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ հղած ուղերձը համարում է հակիրճ, սակայն խտացված անդրադարձ վերջին 30 տարիների պատմությանը: «Նախագահն իր ուղերձում փաստում է, որ ղարաբաղյան շարժումն ազատության համար պայքար էր, որն այլևս անշրջելի պետք է դարձներ հայ ժողովրդի անկախությունը: Սերժ Սարգսյանն ընդգծում է, որ ղարաբաղյան շարժման այլընտրանքը հայ ժողովրդի ոչնչացումն էր, իսկ շարժումն արժանապատիվ, ազատ ապրելու համար մղված պայքար էր»,- «Արﬔնպրես»-ի հետ զրույցում նշեց Խոսրով Հարությունյանը՝ ավելացնելով, որ վերջին 600-700 տարիների ընթացքում արցախյան ազատամարտում հաղթանակը մեր ժողովրդի միակ տարածքային լուրջ ձեռքբերումն է, որի համար միասնականությամբ ոտքի էր կանգնել ողջ հայությունը:

«Նախագահն իր խոսքում ևս ընդգծում է, որ ցանկացած պարագայում պետք է հույսը դնենք միայն մեր սեփական կարողությունների վրա: 1988-ի ազգային զարթոնքի ձեռքբերումը հայոց երկու պետություններն են. սա անշրջելի փաստ է, միաժամանակ պարտավորեցնող»,- շեշտեց ՀՀ ԱԺ պատգամավորը:

Նրա խոսքով, Սերժ Սարգսյանն իր ուղերձում ևս շեշտել է, որ չնայած վերջին 30 տարիների ընթացքում ունեցել ենք հաջողություններ, դրական լուրջ տեղաշարժեր, սակայն դեռևս կան բազմաթիվ անելիքներ: «Նախագահի ուղերձը քաղաքական էր՝ միտված առաջիկա ապագային և պատմական հորիզոններին: Նա շեշտեց, որ ապագայում ունենք մեծ անելիքներ, որպեսզի մեր սերունդներին թողնենք արժանապատիվ կյանքով ապրելու նախադրյալներ»,- ասաց Խոսրով Հարությունյանը:

Տեսանյութեր

Լրահոս