«Չելսի» – «Բարսելոնա». Կլինի՞ սպասված ռևանշը
«Չելսի» – «Բարսելոնա» հակամարտության մասին լսելիս ֆուտբոլասերների մեծ մասը տեղափոխվում է 2009 թվական, երբ պայքարը կիսաեզրափակչում ստացվեց չափազանց դրամատիկ:
Արդեն այսօր՝ Երևանի ժամանակով 23:45-ին, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում այս թիմերը կրկին կհանդիպեն: Խաղի ֆավորիտը համարվում են կատալոնացիները, կկարողանա՞ն լոնդոնցիները ապացուցել հակառակը:
«Չելսի»
Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Չելսին» հանդիպեց Մադրիդի «Ատլետիկոյին», «Ռոմային» և «Ղարաբաղին»: Խմբային փուլում լոնդոնցիները պարտվեցին միայն «Ռոմայի» հետ արտագնա խաղում ՝ 3:0: Տնային խաղերում լոնդոնցիները հաղթել են միայն մեկ անգամ՝ ջախջախելով ադրբեջանական թիմին:
Լոնդոնյան ակումբի կազմում հաստատ չի խաղալու միայն Բակայոկոն: Դեռևս հայտնի չէ, թե կկարողանան խաղին մասնակցել Օլիվիե Ժիրուն, Ռոս Բարկլին և Դավիթ Լուիսը:
«Բարսելոնա»
«Բարսելոնայում» մրցաշրջանից առաջ փոխվել է գլխավոր մարզիչը: Պետք է նշել, որ Էռնեստո Վալվերդեն դեռևս արդարացնում է կատալոնական ակումբի ղեկավարների սպասելիքները: Գուցե կատալոնացիների ցուցադրած ֆուտբոլը ավելի քիչ գրավիչ է, սակայն արդյունքները ապահովվում են:
Կատալոնացիները Չեմպիոնների լիգայի խմբային փուլում չունեցան ոչ մի խնդիր՝ հաղթելով 4 անգամ և ևս 2 անգամ խաղալով ոչ-ոքի:
Լոնդոնցիների հետ խաղում որակազրկման պատճառով չի խաղա Նելսոն Սամեդուն, իսկ Ֆիլիպե Կոուտինիոն չի խաղա Չեմպիոնների լիգայի կանոնադրության պատճառով:
Վիճակագրություն և անձնական հանդիպումներ
• «Չելսին» խմբային փուլի տնային հանդիպումներում հաղթել է մեկ անգամ և երկու անգամ էլ ոչ-ոքի է խաղացել
• «Բարսելոնան» մրցակցի հարկի տակ հաղթել է մեկ անգամ և երկու անգամ էլ ոչ-ոքի է խաղացել
• «Չելսին» հաղթել է տնային վերջին 33 հանդիպումներից 25-ում
• «Բարսելոնան» արտագնա 19 խաղերում հաղթել է 14 անգամ
• Լոնդոնցիները կատալոնացիներին չեն պարտվել Չեմպիոնների լիգայի վերջին 7 հանդիպումներում՝ 5 անգամ խաղալով ոչ-ոքի
Կանխատեսում
Կատալոնացիները համարվում են ֆավորիտ, սակայն պետք չէ թերագնահատել լոնդոնցիներին, ովքեր հանդես են գալիս սեփական հարկի տակ: Պետք է հաշվի առնել նաև, որ «կապտանռնագույնները» արատգնա խաղերում խփել են միայն 1 գոլ 3 խաղերում:
Կանխատեսվում է զգույշ ֆուտբոլ երկու թիմերի մատուցմամբ: Երկու թիմերն էլ ուշադրություն են դարձնելու պաշտպանությանը, ինչը կարող է վտանգավոր լինել երկուսի համար էլ: Մյուս կողմից, լոնդոնցիները միշտ նախընտրում են ագրեսիվ ֆուտբոլ տանը:
Մարզիչների կարծիքներ
Էռնեստո Վալվերդե. «Կտեսնենք, թե որքանով է «Չելսին» հավատարիմ իր ոճին:
Դրսում գոլ խփելը բարդ է: Մենք ցանկանում ենք մի փոքր փոփոխել մեր մոտեցումները այս խաղում»:
«Չելսին» ֆիզիկապես ուժեղ թիմ է, որը լավ պաշտպանվում է: Թիմի կազմում կան ֆուտբոլիստներ, որ կարող են պատժել հակագրոհների ժամանակ:
Մենք գրելու ենք նոր պատմություն: Սա Չեմպիոնների լիգան է, և մենք ցանկանում ենք առաջ գնալ: «Չելսին» վառ արտահայտված ֆուտբոլ է ցուցադրում, ինչպես անգլիական թիմերի մեծ մասը: Կտեսնենք, թե որքանով են նրանք հավատարիմ իրենց ոճին:
Պետք է հասկանալ, որ մենք խաղում ենք Անգլիայի չեմպիոնների հետ: Թիմ, որտեղ խաղում են Ազարը, Մորատան, Ժիրուն, Պեդրոն: Դժվար է լինելու:
Կոնտեն աշխարհի լավագույն մարզիչներից է: Նրա թիմերը միշտ շատ ուժեղ են: Նրանք գիտեն, թե ինչ պետք է անեն ցանկացած պահի, և մեզ համար դա կլինի մեծ փորձություն»:
Անտոնիո Կոնտե. «Մենք կսկսենք «Բարսելոնայի» հետ խաղը աութսայդերի կարգավիճակում»:
Անկասկած խոսքը հիասքանչ խաղի մասին է: Նման մրցակցի հետ խաղալը մեծ փորձություն է մեզ համար: Սա հրաշալի թիմ է, մեկը լավագույններից:
Կարծում եմ՝ հենց նման հանդիպումները պետք է մեզ հիացնեն: Մեզ համար դժվար կլինի, չէ՞ որ մենք խոսում ենք ֆանտաստիկ ֆուտբոլիստների մասին, ինչպիսիք են Մեսսին, Սուարեսը, Ինիեստան, ամբողջ թիմը:
Մենք ձգտելու ենք խաղալ մեր ֆուտբոլը: Մենք ծանոթ ենք կատալոնացիների բնավորությանը: Նրանք սիրում են տիրել գնդակին, լինել դոմինանտ: Ամեն խաղում նրանք ստեղծում են մի շարք գոլային պահեր:
Պետք է սովորենք խաղալ առանց գնդակի, լավ պաշտպանվել, չկորցնել գլուխը: Իսկ գնդակով մենք կանենք այն, ինչ կարողանում ենք, այն ինչ մշակում ենք մարզումներին:
Մենք կսկսենք «Բարսելոնայի» հետ խաղը աութսայդերի կարգավիճակում: Կատալոնացիները համարվում են դիմակայության ֆավորիտ, այդ իսկ պատճառով մենք պետք է հիանանք այն խաղով, որ մեզ սպասվում է»:
Սիրարփի Աղաբաբյան