«Շալոմ, շալոմ». Էդուարդ Շարմազանով. Մեկնարկեց ԱԺ արտահերթ նիստը
Քիչ առաջ մեկնարկեց Ազգային ժողովի արտահերթ նիստը, որի օրակարգում «Ելք» խմբակցության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծն է։
Ներկա է 93 պատգամավոր և ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ քվորում կա, կարող են սկսել աշխատանքները։
«Շալոմ, շալոմ»,- նկատեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Նշենք, որ նախագծով սահմանվում է, որ 1 տոննա բենզինի ակցիզային հարկը ներկայիս 40 հազար դրամից կդառնա 25 հազար դրամ, 1000խմ սեղմված բնական գազը՝ 25 հազար դրամից 8330 դրամ, այսինքն՝ գները կվերադառնան նախկին մակարդակին:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով էներգակիրների՝ բենզին, դիզելային վառելիք, սեղմված բնական գազի հարկային բեռի ավելացումը հանգեցրել է այդ ապրանքատեսակների գների բարձրացման: Մասնավորապես, սեղմված բնական գազի և դիզելային վառելիքի թանկացումն արդեն իսկ հանգեցրել է ընդհանուր գնաճի, ինչն իր հերթին նպաստում է Հայաստանի բնակչության սոցիալական վիճակի էլ ավելի վատթարացմանը: Նախագծի ընդունմամբ էներգակիրների հարկային բեռը կթեթևանա, ինչը կնպաստի, որպեսզի այդ ապրանքատեսակները էժանանան:
Հարկային օրենսգրքի հոդված 150-ի համաձայն՝ մինչև 150 հազար դրամ ամսական եկամուտ ստացող ֆիզիկական անձանց համար սահմանվում է եկամտային հարկի ավելի ցածր՝ 23 % դրույքաչափ՝ քան «Եկամտային հարկի մասին» ՀՀ 2015թ. ապրիլի 2-ի ՀՕ-246-Ն օրենքի Հոդված 10-ով ամրագրված 24.4 % դրույքաչափն է՝ ամսական մինչև 120 հազար դրամ եկամուտ ստացող ֆիզիկական անձանց համար: Մինչդեռ 150 հազար դրամից ավել եկամուտ ստացող ֆիզիկական անձանց փաստացի եկամուտների նվազել է, քանի որ նրանց եկամուտների նկատմամբ 26 %-ի փոխարեն կիրառվում է եկամտային հարկի 28 % դրույքաչափ:
Նախագծով առաջարկվում է 150 հազար դրամից մինչև 300 հազար դրամ ամսական աշխատավարձ ստացող ֆիզիկական անձանց եկամտային հարկը վերադարձնել մինչև Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահը կիրառված դրույքաչափին: