«Պանիրն ավելի անվտանգ է, քան մյուս կաթնամթերքները». Արմեն Գիգոյան

Պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ կաթի արտադրությունը կաթնամթերքի ոլորտի հիմնական խնդիրն է.

«Կա խնդիր՝ կապված կաթի արտադրության և կաթի մատակարարման հետ։ Կաթի արտադրության հարցը արդեն 5 տարի բարձրացնում եմ, բայց, ցավոք, անիվը տեղից չի շարժվում։ ՀՀ-ում կաթի արտադրության վրա պետք է լուրջ ուշադրություն դարձվի։ Այն բացթողումները, որոնք նկատվում են վերամշակողների մոտ, միշտ էլ լինելու են։ Ինչպե՞ս կարող են խնդիրներ չլինել, եթե հիմնական հումքը ցանկացած տեղ բարձր աղտոտվածության աստիճանով է գալիս։ Հայաստանում ովքե՞ր են ֆերմերները. անասնապահ գյուղացին ֆերմեր է։ Այդպես չպետք է լինի, արտադրության համար մատակարարվող կաթը պետք է ֆերմաներից գա։ Եթե լինեն ֆերմաներ, կստեղծվեն աշխատատեղեր, սոցիալական հարցն էլ կլուծվի։ Անասնապահ գյուղացիները չեն կարող տեխնիկական չափանիշերը պահպանել»։

Պանրի պարագայում, նրա խոսքով՝ վտանգներն ավելի նվազ են, քանի որ պանրի տեխնոլոգիական ցիկլը փոքր-ինչ առանձնանում է, և անվտանգության հետ կապված խնդիրներն ավելի քիչ են, քան կարելի է նկատել մնացած կաթնամթերքներում. «Կաթի մեջ կարող են լինել ավելի վտանգավոր մանրէներ և ավելի բարդ հետևանքներ ունենան, բայց, փառք Աստծո, որ նման բարձիթողի վիճակում մինչ այժմ մենք նման խնդիրներ չենք ունեցել։ Դա ոչ թե բախտի բերմամբ է եղել, այլ վերամշակողների աշխատանքի արդյունքում։ Ամբողջ պատասխանատվությունը մնում է վերամշակողների վրա։ Վերահսկողը զուտ վերահսկող է, ոչինչ անել չի կարող, հակառակը, վերջին 2 տարվա ընթացքում մեր ոլորտում վերահսկող տեսուչներն ավելի ճիշտ մոտեցում են ցուցաբերում, և արդյունավետությունն ավելի բարձր է։ Ես օբյեկտիվ գնահատական եմ տալիս»։

Ըստ Պանրագործների միության նախագահի՝ ժամանակին տուգանում էին, ոստիկանական մոտեցում էին ցուցաբերում, ինչը, նրա կարծիքով՝ արդյունք չէր տալիս. «Իսկ երբ ասում են՝ այս խնդիրներն ունես, փորձիր մատչելի պայմաններով դրանք կարգավորել, այդ ուղղությամբ աշխատանք է տարվում։ Վերահսկողությունը, միակ բանը, որ կարող է անել, առհասարակ արգելելն է վերամշակողներին՝ արտադրանք տալ։ Դրա հետևանքն ավելի բարդ կլինի։ Խնդիրն ավելի լուրջ է.  պետք է լուծել կաթի արտադրության խնդիրը»։

Տեսանյութեր

Լրահոս