Առողջապահության նախարարը քննարկել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցության հարցեր

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Դիմիտրի Գվինադձեին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Շնորհավորելով նշանակման կապակցությամբ` նախարարը նրան արդյունավետ գործունեություն է մաղթել։ Դիմիտրի Գվինադձեն, հակիրճ ներկայացնելով աշխատանքային իր գործունեությունը, նշել է, որ լավ ծանոթ է Հայաստանին և սիրով կնպաստի տնտեսության տարբեր ոլորտների, այդ թվում` առողջապահության զարգացմանն ուղղված ծրագրերին։

Լևոն Ալթունյանը ծանոթացրել է Հայաստանի առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումներին և ծրագրերին։ Քննարկվել են հատկապես մարզային և Երևանի առանձին բժշկական կենտրոններ կոնցեսիոն կառավարման հանձնելու, ինչպես նաև ուռուցքաբանական բարձրակարգ ծառայություն ապահովելու ծրագրերը։ Հանդիպման ընթացքում անդրադարձել են ներկայացված ծրագրերի իրականացման ուղիներին և Եվրոպական բանկի հետ համագործակցության հնարավորություններին։

Դիմիտրի Գվինադձեն նշել է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը պատրաստ է աջակցելու ներդրումային ծրագրերին։

Հանդիպմանը մասնակցել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը»։

Տեսանյութեր

Լրահոս