«Ալիևը խելքը հացի հետ չի կերել, որ դիմի ռազմական գործողությունների». Արման Նավասարդյան

Արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Ալիևի ընդունած որոշումը, ըստ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի՝ կապված է շատ լուրջ պատճառների հետ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում դեսպանը նախ առանձնացրեց այդ որոշման վրա ազդեցություն ունեցած ներքին և արտաքին գործոնները։

«Ալիևը ցանկանում է օգտվել նավթի գների շուրջ ձևավորված բարենպաստ պայմաններից և այդ ընտրություններն անցկացնել ապրիլի 11-ին, որովհետև կա կարծիք, որ մինչև հոկտեմբեր նավթի գինը շատ է նվազելու, ինչը նրա համար, բնականաբար, բարենպաստ պայմաններ չի ստեղծում։ Ալիևը փորձում է նաև հանկարծակիի բերել ընդդիմությանը։ Չնայած՝ ընդդիումությունն այդքան էլ ուժեղ չէ Ադրբեջանում, կազմակերպված չէ և չունի որևէ կոնկրետ ախոյան, բայց քանի որ նրանք որոշակի քայլերի էին փորձում դիմել, Ալիևը որոշեց կանխել դա՝ գնալով վաղօրոք ընտրությունների»,- պարզաբանեց դեսպանը՝ առանձնացնելով Ալիևի որոշման ներքին պատճառները։

Ինչ վերաբերում է արտաքին գործոններին, նա նախ առանձնացրեց Արցախի հարցը. «Որոշ մեկնաբաններ ասում են, որ հավանաբար Ալիևը գնում է ընտրությունների, որպեսզի դրանից հետո Ալիևը ռազմական գործողություններ սկսի արցախյան ճակատում։ Ես կարծում եմ, որ դա փոքր մոտիվացիա է և այդքան էլ չի համապատասխանում իրականությանը։ Ադրբեջանում հոյակապ պատկերացնում են, որ այսօրվա վիճակում արցախյան խնդրում քաղաքագիտական և դիվանագիտական հարցերն ամենևին չեն դասավորվում՝ ի օգուտ Ադրբեջանի։ Չկա Լավրովի ծրագիր, չկա հողերի վերադարձի խնդիր, օրակարգում մնում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի փաստաթղթերի խնդիրը։ Մի խոսքով՝ այսօրվա քաղաքական իրադրության մեջ Ալիևի դիվանագիտությունը տանուլ է տվել։ Նա շատ լավ պատկերացնում է, որ այս խնդիրը կարող  է շարունակվել մինչև հոկտեմբեր, որով կսրի ներքին քաղաքական վիճակը, և ինչո՞ւ ձգի այդ վիճակը, եթե հնարավոր է հիմա դա անել»։

Դեսպանը նկատեց՝ Ալիևը խելքը հացի հետ չի կերել, որ դիմի ռազմական գործողությունների: Նա նաև հավելեց՝ Ադրբեջանական քարոզչամեքենան ուղղված է նրան, որ Հայաստանին ցույց տա, թե իբր Ռուսաստանն Ադրբեջանի բարեկամն է. «Ալիևը սպասում է, տեսնի՝ ինչ կլինի, որ կարողանա ՌԴ-ի և ԱՄՆ-ի մեջ խաղալ»։

Տեսանյութեր

Լրահոս