Արծվիկ Մինասյանը՝ Թեղուտի պոչամբարի մասին

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ բարձրացրեց Թեղուտի հարցը։

Նա հիշեցրեց, որ ՀՀ կառավարությունը «Վալլեքս» ընկերության հետ 25 տարով պայմանագիր էր կնքել՝ Թեղուտի հանքերը շահագործելու և ներդրումներ կատարելու վերաբերյալ, իսկ վերջերս «Վալլեքս» ընկերությունը լուծել է 1200 աշխատակցի պայմանագիր։ Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյո՞ք կառավարության հետ կնքած պայմանագրով կա որևէ սանկցիա՝ նմանատիպ գործարքի դեպքում, երբ լուծվում է 1200 աշխատակցի պայմանագիր։

«Ինձ նաև հետաքրքրում է, թե  Թեղուտի պոչամբարի թունավոր ջրերը, որոնք հոսել են Դեբեդ և Շնող գետերը, արդյո՞ք ունենք գնահատականը, թե ինչպիսի վնաս է պատճառվել մեր բնությանը, և ի՞նչ միջոցներով է այդ վնասը փոխհատուցվելու»,- հարցրեց Թանդիլյանը։

Պատգամավորի հարցադրման առաջին հատվածին պետք է պատասխաներ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ով գործուղման էր։ Իսկ հարցի երկրորդ հատվածին ի պատասխան՝ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հետևյալն ասաց.

«Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմինն իրականացրել է փորձաքննություն, չի հայտնաբերվել սահմանային նորմաներից ավելի աղտոտում, կամ առհասարակ աղտոտում չի հայտնաբերվել։ Ինչ վերաբերում է գործունեության դադարեցմանը, կա պաշտոնական հայտարարությունը, որտեղ ամրագրված է նաև միջազգային փորձագետների ներգրավման մեխանիզմը, և կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ մենք ստանանք նաև փորձագետների եզրակացությունը»։

Մանե Թանդիլյանն այսպես արձագանքեց. «Ճի՞շտ եմ հասկանում, որ դուք հերքում եք մամուլում հրապարակված այն տեղեկությունը, որ պոչամբարն ունի ճաքեր, և թունավոր ջրերը հոսել են Դեբեդ և Շնող գետերը։ Արծվիկ Մինասյանը կրկնեց, որ իրականացվել է նմուշառում, և նմուշառմամբ չի հայտնաբերվել որևէ բացասական կամ սահմանային նորմաներից ավելի աղտոտում. «Մնացած հարցերի մասով ճիշտ կլինի փորձագետների եզրակացությունը ստանալ՝ նաև երբ կներկայացվի լրամշակված նախագիծը, ձեր կողմից բարձրացված հարցերին պատասխաններ կգտնենք այնտեղ»։

Տեսանյութեր

Լրահոս