Գագիկ Ծառուկյանը կմասնակցի՞ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը
ՀՀ նախագահի 4-րդ թեկնածու Արմեն Սարգսյանի հետ «Ծառուկյան» խմբակցության հանդիպումը տեղի կունենա առաջիկա 1-2 օրերին, իսկ թե խմբակցությունից ով կմասնակցի և ինչ ձևաչափով՝ դեռևս հստակ որոշված չէ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե Գագիկ Ծառուկյանը չի մասնակցելու Ա.Սարգսյանի հետ հանդիպմանը:
«Բոլորին կհորդորեմ թույլ տալ, որպեսզի մենք ինքներս որոշենք, թե ովքեր են մասնակցելու այդ հանդիպմանը»,- ասաց Ի.Տոնոյանը:
Ըստ նրա` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ աշխատանքային քննարկում է եղել խմբակցությունում, տարբեր կարծիքներ են հնչել, և բազմաթիվ հարցեր կան Արմեն Սարգսյանին, իսկ վարչապետի թեկնածության հարցը դեռևս չի քննարկվել:
Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ Գերմանիայից վերադարձած Գագիկ Ծառուկյանը երկու օր առաջ «Կանյաչնիում» հավաքել է իր ֆրակցիայի անդամներին` քննարկելու դաշինքի և նրա անդամների մոտեցումներն ապագա նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրման առնչությամբ: Նա տեղեկացրել է, որ մինչ Գերմանիա մեկնելն Արմեն Սարգսյանը զանգահարել է իրեն` ֆրակցիայի ու իր հետ հանդիպման առաջարկ արել։ Ծառուկյանը լսել է կուսակիցներին, տեղեկացրել, որ ֆրակցիայի հանդիպումն Արմեն Սարգսյանի հետ տեղի կունենա առանց իրեն, դաշինքի պատգամավորներն ինչ ունեն ասելու, կարող են այդ հանդիպման ժամանակ անկաշկանդ արտահայտել, իսկ այդ հանդիպումից հետո Ծառուկյանն ինքը ևս կհանդիպի նախագահի թեկնածուի հետ: