Շարմազանովը կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշումը չի համարում հետքայլ ժողովրդավարությունից

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը համաձայն չէ հնչող տեսակետների հետ, թե կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշումը հետքայլ է ժողովրդավարությունից: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ կառավարության դռնփակ նիստեր անցկացնելու միջազգային պրակտիկա կա, և որևէ մեկը չի կարող իրեն համոզել, որ կառավարության դռնփակ նիստեր անցկացնող Գերմանիան, Մեծ Բրիտանիան կամ Իսրայելը ժողովրդավարական երկրներ չեն: «Ասեմ ավելին, Իսրայելի նման ժողովրդավարական երկրում կառավարության նիստերը ոչ միայն դռնփակ են, այլ դրանց կառավարության անդամներից բացի որևէ մեկը չի կարող մասնակցել: Մեզ մոտ կառավարության նիստերին մասնակցում են նաև ոչ կառավարության անդամներ: Հետևաբար, ի՞նչ հետընթացի մասին է խոսքը»,- ընդգծեց Շարմազանովը:

Նա հավելեց, որ կառավարության նիստերի ընթացքում քննարկված բոլոր օրենսդրական նախաձեռնությունները բաց և հրապարակային քննարկվելու են նաև խորհրդարանում: «Չի լինելու մի օրենք, որ առանց խորհրդարանում քննարկվելու հաստատվի, հետևաբար, ես այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում»,- ասաց Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը նաև հիշեցրեց, որ բոլոր միջազգային կազմակերպությունների գոնե վերջին երկու տարիների գնահատականներով Հայաստանը գնում է ժողովրդավարության ճանապարհով: Որպես վառ օրինակ Շարմազանովը հիշեցրեց վերջերս ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդի խոսքերն այն մասին, որ Հայաստանը առաջ է գնում ճիշտ ճանապարհով:

Տեսանյութեր

Լրահոս