««Կրեմլյան ցուցակում» միայն Պուտինն է պակասում». Գևորգ Մելիքյան

«ԱՄՆ-ը ռազմավարական վնասներ է հասցնում ՌԴ տնտեսությանը, նաև քրեաօլիգարխիկ համակարգին, որը ժառանգված է ԽՍՀՄ-ից և որոշակի կոսմետիկ փոփոխություններից հետո գործում է մինչ օրս։ Այդ հարվածները գնում են նաև քաղաքական համակարգին»,- այսօր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում կազմակերպված քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՄԱՀՀԻ-ի ասոցիացված փորձագետ, քաղաքագետ Գևորգ Մելիքյանը։

Ըստ նրա՝ «Կրեմլյան ցուցակում» միայն Պուտինն է պակասում. «Սրանք ազդակներ են, որոնք ուղղվում են ռուսական կողմին, բայց մնացածը ևս պետք է իրենց հետևություններն անեն, թե ինչ տիպի քաղաքական գործիչներ կամ ինչ համակարգ է, որ ԱՄՆ-ը չի կարող հանդուրժել։ Հասկանալի է նաև, որ Հայաստանի համար բարդ է մանևրել, առանց այդ էլ խուսանավելու այդ տարածքը քիչ է Հայաստանի համար, և որոշակիորեն Հայաստանը դժվարություն կունենա՝ մի կողմից՝ պահել հարաբերություններ ԱՄՆ-ի հետ, մյուս կողմից՝ կարողանալ հարաբերությունները չփչացնել ՌԴ-ի հետ։ Իհարկե, այս ճնշումների ներքո ՌԴ-ն կսկսի զբաղվել իր հարցերով և կթուլացնի ճնշումները Հայաստանի վրա։ Դեռ պարզ չէ, թե որքան հեռուն է ԱՄՆ-ը պատրաստվում գնալ, արդյո՞ք հավատարիմ կմնա այդ գծին, մինչև ստիպի ՌԴ-ին՝ զիջումներ անել Ուկրաինայի հարցում»։

Մելիքյանի խոսքով՝ նույնիսկ ԱՄՆ-ում հստակ չեն պատկերացնում, թե ինչպես է ընթանալու այս գործընթացը. «Բայց գործի դրված մեխանիզմը հնարավոր չի լինելու կանգնեցնել, ինչը նշանակում է, որ կարող են լինել անկանխատեսելի զարգացումներ։ Որևէ մեկը չգիտի, թե նման գործընթացն ուր է տանում։ Թրամփը ևս նախանձելի վիճակում չէ, քանի որ նա փորձում է հարաբերությունները ջերմացնել ՌԴ-ի հետ, բայց օրենսդիր մարմինը տանում է այս գիծը, որը որոշակիորեն խնդիր է դառնում հենց Թրամփի համար»։

Ռազմիկ Մարտիրոսյան

Տեսանյութեր

Լրահոս