Բաժիններ՝

Մեդիամարտ՝ ընդդեմ կոռուպցիայի

Սարգիս Մուրադյան ցուցասրահում այսօր մեկնարկեց «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» «Լրատուն» նախագծի երկրորդ՝ «Մեդիամարտ՝ ընդդեմ կոռուպցիայի» խորագրով ցուցադրությունը, որ շրջիկ ցուցահանդեսների միջոցով ներկայացնում է Հայաստանի նշանակալի իրադարձությունների լուսաբանման պատմությունը, մեդիայի, լրագրության զարգացումը և մարտահրավերները:

Այն միտված է նպաստելու հանրության լայն շրջանակների մեդիակրթության և քննադատական մտածողության զարգացմանը, կրթված սպառողի ձևավորմանը, լրագրության հեղինակության բարձրացմանը:

««Մեդիամարտ՝ ընդդեմ կոռուպցիայի» խորագրով ցուցահանդեսը հերթական՝ երկրորդ էքսպերիմենտն է՝ նոր մեդիա գործիքների և հարթակի միջոցով խոսելու կարևոր, հաճախ՝ ցավոտ խնդիրների մասին: Այս անգամ անդրադարձանք վերջին 25 տարիների ընթացքում կոռուպցիայի լուսաբանման օրինակներին՝ ցույց տալով լրագրողների կատարած աշխատանքներն այս թեմայով,- 168.am-ի հետ զրույցում նշում է «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը և հավելում,- այս ցուցահանդեսը շատ ինտերակտիվ է: Մենք փորձել ենք հավաքագրել կոռուպցիայի մասին պատմող փաստերը, ձևավորել և փորձել մատուցել բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են հետազոտելու, վերհիշելու, ևս մեկ անգամ հասկանալու այն ամենը, ինչ կապված էր Հայաստանում կոռուպցիայի աղմկահարույց դեպքերի և դրանց լուսաբանման հետ»:

Ցուցահանդեսի բացմանը ներկա ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսն իր խոսքում ընդգծեց՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առաջնահերթություններից մեկն է՝ աջակցել Հայաստանի կառավարության և քաղաքացիական հասարակության՝ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ջանքերին. «Ինչպես տեսնում ենք ցուցահանդեսում՝ ազատ և անկախ լրատվամիջոցները կարևոր դեր են խաղում կոռուպցիան բացահայտելու գործում: Անկախ մամուլն էական է պաշտոնյաների հաշվետվողականության ապահովման, նաև հանրությանը տեղեկացնելու համար, երբ հանրային ապրանքների և ծառայությունների համար նախատեսված հարկային գումարներն օգտագործվում են՝ ի նպաստ մասնավորի շահի»:

Մանրամասները՝ տեսանյութում

«Լրատուն» նախագծի ղեկավար Վահրամ Մարտիրոսյանը ցուցահանդեսի բացման խոսքում մասնավորապես նշեց. «Սա սովորական ցուցահանդես չէ, որտեղ նայում են ցուցանմուշներին ու դուրս են գալիս: Սա հնարավորություն է՝ դառնալ լրագրողական արկածի մասնակից և սեփական հետաքննությունն անցկացնել յոթ աղմկահարույց կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ, որ ընդգրկվել են այս ցուցահանդեսի շրջանակներում: Ցուցահանդեսի ընթացքում կա հնարավորություն՝ վերադառնալու և ավելի մանրամասն ծանոթանալու տվյալ յոթ ոլորտներում տիրող կոռուպցիայի լուսաբանման ընդհանուր պատկերին»:

Տեղեկացնենք, որ «Մեդիամարտ՝ ընդդեմ կոռուպցիայի» խորագրով ցուցահանդեսի հեղինակներն առանձնացրել են ամենաշատը լուսաբանված յոթ ոլորտները՝ արդարադատություն, օտարերկրյա ներդրումներ, բանակ, հեռուստահաղորդակցություն, ընտրություններ, էներգետիկա, օֆշոր:

Ցուցահանդեսը Երևանում կգործի մինչև փետրվարի 18-ը, որից հետո կմեկնի Գյումրի, Վանաձոր և Գորիս: Ցուցահանդեսն այցելուների համար հասանելի կլինի նաև առցանց տիրույթում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս