Հայաստանում Բելգիայի դեսպանը հայտնում է` ԵՄ-ն հայաստանցիների համար վիզաների ազատականացման փուլային մեթոդի կողմնակից է
Շենգենյան գոտու երկրները ձգտում են առաջ շարժվել մուտքի արտոնագրերի ազատականացման փուլային եղանակով: Երևանում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Արթուր Ռեժիբոն (նստավայրը` Մոսկվա)` անդրադառնալով հարցին, թե երբ կկարողանան Հայաստանի քաղաքացիները մուտք գործել Բելգիա առանց մուտքի արտոնագրի կամ դյուրացված ընթացակարգով: «Մենք այս հարցի լուծումը տեսնում ենք երկու փուլով, առաջինը` վիզաների տրամադրման դյուրացումն է, երկրորդը` ընդհանրապես վերացումը: Սակայն, նաև գիտակցում ենք, որ ներկայում տեխնիկական ու քաղաքական պատճառներով հնարավոր չէ լիովին վերացնել վիզաները»,- ասաց Ժան-Արթուր Ռեժիբոն: Նա նշեց, որ տեխնիկական հարցերից մեկն էլ անձնագրերի ճանաչումն է, մասնավորապես, կենսաչափական անձնագրերի կիրառումը:
Դեսպանի դիտարկմամբ` ԵՄ երկրների քաղաքացիները չեն ընդունի քայլը, եթե վիզաների ազատականացման գործընթացը կատարվի միանգաﬕց: «Ես չեմ խոսում միայն Բելգիայի բնակչության մասին, այլ ողջ Եվրամիության անդամ երկրների քաղաքացիներին նկատի ունեմ: Եթե արագ կատարենք այդ գործողությունները, ռիսկը կլինի այն, որ պետք է վերացնենք վիզաները բոլորի համար»,- ընդգծեց դիվանագետը` հավելելով, որ միության որոշ երկրներ չեն ցանկանում բոլոր երկրների համար լինել բաց:
Եզրափակելով՝ նա ասաց, որ արժե լինել համբերատար ու պահել հայացքը երկարաժամկետ նպատակի վրա: