Բաժիններ՝

Կրթական նոստալգիա՝ Ազգային ժողովում

Այսօր ԱԺ-ում «Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ընթացող բարեփոխումներն ու օրենսդրական հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումները մասնակիցներին նոստալգիկ տրամադրությունների մեջ էր գցել։

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվող լսումների ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացնում էր Հայաստանի կրթության պետական քաղաքականության առաջնահերթությունները և օրինակներ բերեց խորհրդային տարիների փորձից։

«Այնտեղ լավ բաներ շատ կային, բայց մենք ոնց որ մոռացել ենք»,- ափսոսանքով նկատեց հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

Ըստ նախարարի՝ 1990-ականների վերջին ընդունվեց կրթական քաղաքականության փաթեթը, որը պետք է ունենար ոլորտի մայր օրենք, սակայն տարիներ անց քաղաքականությունը փոխվեց, և կրթակարգի հետ միաժամանակ՝ փորձ էր արվում սեգմենտավորել յուրաքանչյուր ոլորտը:

Այժմ, ըստ Լ. Մկրտչյանի, նորից վերադառնում են կրթակարգի գաղափարին, և ոլորտը կարգավորող օրենսդրությունը բարելավելու անհրաժեշտություն կա, քանի որ տարբեր օրենքների միջև առկա հակասությունների պատճառով խնդիրներ են առաջացել։

«Աշխարհում վաղուց միջին մասնագիտական և բարձրագույն կրթությունը դիտարկում են 1 ամբողջության մեջ և փորձում են ճկուն մեխանիզմներ առաջարկել»,- ասաց Լ. Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ միջին մասնագիտականների և ուսումնարանների ոլորտում 1990-ականներին ճգնաժամի պատճառն աշխատաշուկայի փլուզումն էր, երբ որոշ մասնագիտություններ առավել պահանջված դարձան, որոշները՝ աչքաթող արվեցին, և այժմ, օրինակ, շինարարների, ինժեներների, մեխանիզատորների պակաս կա. «Մեր բարեփոխումների առաջնահերթություններից մեկը միջին մասնագիտական հաստատություններին իրենց առաքելությանը բերելն է»։

Վարդան Բոստանջյանի խոսքով՝ ներկայումս բյուջեից կրթությանը հատկացվող միջոցները սուղ են, բայց դա չպետք է խանգարի անհրաժեշտ կադրերի պատրաստմանը. «Խնդիր է դրված՝ բացահայտել այն հնարավորությունները, որոնք անհրաժեշտ են այս ոլորտում գործունեության համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս