«Եթե հասարակությունը լավ պայքարի սրա դեմ, այդ նույն մարդիկ շատ արագ գները կիջեցնեն». Հրաչ Բերբերյանը՝ թանկացումների մասին

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հիշեցրեց, որ դեռ գարնանը զգուշացրել է հնարավոր թանկացումների մասին։

«Ամռանը երաշտ եղավ, ոչ մի նախարարություն չհայտարարեց դրա մասին։ Եթե նախկին գյուղնախարարները երաշտի ժամանակ օգնություններ բերեցին Հայաստան, այսօր մեր նախարարությունը ոչինչ չարեց՝ գյուղացուն օգնելու համար։ Արդյունքում՝ անասունների գլխաքանակը պակասելու է, միսը թանկանալու է, կաթնամթերքն է թանկանալու, ինչն այսօր տեսնում ենք։ Նույնը՝ թռչնաբուծության մեջ։ Անցած տարի մեկ հակ խոտը 400 դրամ էր, այս տարի 2000 դրամ է, և, բնականաբար, միսը պետք է թանկանար, բա ի՞նչ պետք է աներ։ Հատիկային կուլտուրաների բերքը պակաս է եղել, թող ճիշտն ասեն»,- պարզաբանեց նա։

Բերբերյանը նկատեց՝ նորից Գյուղնախարարությունն ուզում է գնա, ցորեն բերի, բաժանի գյուղացուն. «Քանի՞ անգամ կարելի է նույն սխալն անել։ Նախկին կառավարության ղեկավարը հարցնում էր՝ ինչպե՞ս է լինում, որ 1000 տոննա ցորենի սերմացուից 500 տոննան ծլել է, իսկ 500-ը՝ ոչ։ 500 տոննան լավ սերմ է եղել, 500 տոննան՝ պարենային ցորեն, խաբել-տվել են գյուղացուն, հետո էլ 205 ընտանիքի դատում էին։ Նույն Գյուղնախարարությունը գյուղացու վրա պարտքեր է կուտակում, որի համար, հակառակը՝ այն չինովնիկը պետք է դատվեր, որը դա ներկրել է, որն իր գրպանը գումար էր լցրել. կարող ենք դա ապացուցել»։

Ինչ վերաբերում է կոնկրետ ձվի թանկացմանը, ապա, ըստ նրա՝ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը պետք է զբաղվի դրանով. «Դա նրա սրբազան գործն է, հարկատուից էլ աշխատավարձ է ստանում իր ապարատով, հո ձրիակերների ապարատ չէ՞։ Պետք է հասնի վարչապետին, որ վարչապետը հանձնարարի՞ իրեն՝ սրանով զբաղվել։ Սրանով փորձ են արել, և եթե հասարակությունը լավ պայքարի սրա դեմ, այդ նույն մարդիկ շատ արագ գները կիջեցնեն։ Իսկ եթե տեսնեն, որ հասարակության կողմից դիմադրություն չկա, թանկացումներ կլինեն»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս