Բաժիններ՝

«Դոկտորներից ու թեկնածուներից միայն 15%-ն է մնում գիտության մեջ». ԱԺ-ում քննարկում են տարկետման իրավունքի սահմանափակումները

ԱԺ-ում սկսվել է տարկետման իրավունքը սահմանափակող օրենքի շուրջ քննարկումը` «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության և պատգամավորների ու ԿԳն և ՊՆ ներկայացուցիչների մասնակցությամբ:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ կլոր սեղանի նպատակը մեկն է` լսել միմյանց և մոտեցնել դիրքորոշումները:

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ փորձելու են բոլոր հարցերն իրար հետ ամրագրել, հասկանալ խնդիրները: Ըստ նրա` զինվորական ծառայության և գիտության մեջ բացարձակապես հակասության չկա:

«Այս խնդիրն արհեստական է, և խոսքը գնում է մի քանի ուղղություններով անընդհատությունը պահպանելու մասին»,- ասաց Լ.Մկրտչյանը` հիշեցնելով, որ Ղարաբաղյան առաջին օրից շարժիչ ուժը եղել են մեր գիտնականները, որ թողեցին իրենց գրիչն ու գնացին կամավոր կատարելու ծառայությունը. «Հարցը սկզբունքի խնդիր է: Օրենքը ընդունված է: 18 տարին լրացած ցանկացած անձնավորություն, որ նոր է մտնում կյանք և չգիտի դեռ ինչ է դառնալու, պետք է կատարի իր պարտքը հայրենիքի առջև»:

Նախարարի խոսքով` որոշ մասնագիտությունների ուղղությամբ կա անընդհատության խնդիր և, քանի որ կա «Պատիվ ունեմ» ծրագիրը, որը հնարավորություն է տալիս երիտասարդների մեծ մասին ավարտել բակալավրիատը և հետո անցնել ծառայութան, հավանաբար, մի սկզբունք էլ պետք է լինի, որ բակալավրն ավարտողները կարողանան գնալ սպայական ծառայության և մեկ տարի անց կարողանան նաև զբաղվել գիտությամբ:

Լ.Մկրտչյանի խոսքով` ՊՆ հետ պետք է հասկանալ, թե որ մասնագիտացումներն ունեն անընդհատության խնդիր, իսկ ասպիրանտուրային անցումն ավելի հեշտ լուծելի է, քանի որ երիտասարդներն արդեն հստակ կողմնորոշված են:

«Այս խնդիրները ենթաօրենսդրական դաշտի մեջ լուծելի տիրույթում են»,- նշեց նախարարը:

Լ.Մկրտչյանը ներկայացրեց 2007-2016թթ-ի պաշտպանածների և գիտության մեջ մնացածների վիճակագրությունը: Ըստ այդմ` ընդհանուր դոկտորները 445-ն են, թեկնածուները` 5032, որոնցից 2017 թ. նոյեմբերի դրությամբ գիտության մեջ մնացել են դոկտորներից 191, թեկնածուներից` 646 հոգի, որոնց մեջ կան նաև ոչ ՀՀ քաղաքացիներ, բայց դա փոքր թիվ է, այսինքն` դոկտորներից 42.9%, թեկնածուներից 12.8%, իսկ ընդհանուր` միայն 15%-ն է մնում գիտության մեջ:

Նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի խոսքով` իրենց բարձրաձայնած խնդիրներից առաջինն այն է, թե բանակային ծառայություն անցած ուսանողների կրթական պրոցեսն ինչպե՞ս է ընթանում, իսկ այն ուսանողների համար, որ սովորում են ասպիրանտուրայում, բանակում ինչպիսի՞ պայմաններ են ստեղծվելու, որ նրանք կարողանան զբաղվել նաև գիտությամբ:

Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը նշեց, որ խնդիրն այն է, որ այսօր ԶՈՒ-ն և պաշտպանական համակարգը կարիք ունի գիտական պոտենցիալի, երկարատև համագործակցության գիտության շրջանակների հետ:

Ըստ նրա` շատ մեծ ֆինանսավորում է դրվում տարբեր գիտությունների զարգացման համար և ՊՆ-ն աստիճանաբար դառնալու է գիտությանը պատվեր իջեցնող առանցքային պետական հաստատություններից մեկը.

«Բանակ գնալը, այդ թվում` ժամկետային զինծառայողի համար, չի նշանակում, որ հավաքակայանից ուղիղ պետք է գնալ զորամաս, այնտեղից էլ մի այնպիսի տեղ, որտեղ ստիպված է լինելու 2 տարի գիտական գործին մոտ չլինել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս