ՏՏ-ն` գիտության զարգացման կարևոր մասնիկ
2017թ. նոյեմբերի 7-ին, ինչպես հաղորդում է ԵՊՀ պաշտոնական կայքը, տեղի է ունեցել ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ՈւԳԸ-ի կողմից կազմակերպված «ՏՏ-ն և քիմիան» սեմինար-քննարկումը, որը վարել է ՀԱՊՀ ՔՏ և ԲՃ ֆակուլտետի ասպիրանտ՝ Արտաշես Արիստակեսյանը:
Սեմինարի ընթացքում պատմական անդրադարձ է կատարվել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը, ինչպես նաև խոսվել է դրանց արդիականության մասին: ՏՏ-ն ոչ միայն մարդկանց հաղորդակցության ու լրատվական իրազեկման հարթակ է, այլև գիտության զարգացման կարևոր մասնիկ: Քիմիական պրոցեսները, քիմիական արդյունաբերությունը, ատոմի կառուցվածքը, մոլեկուլի կառուցվածքը, էլեկտրաբացասականությունը և այլն այժմ կարելի է պլանավորել, հաշվարկներ կատարել և նույնիսկ մոդելավորել: Այնպիսի ծրագրեր ինչպիսիք են ChemSpider, ChemDoodle, ChemOffice օգնում են քիմիական նյութերի բանաձևային գրանցման, ռեակցիայի վերջանյութերի մոտավոր կանխատեսման համար և պարունակում են մի շարք նյութերի հալման ջերմաստիճանների, լուծելիության և այլ շատ կարևոր պարամետրեր, որոնք անհրաժեշտ են ցանկացած ստեղծարարի:
Մեկ այլ ծրագրի միջոցով կարելի է նախագծել քիմիական արտադրության մոդելը և ապա այն իրագործել արտադրական մասշտաբներով: Բոլորիս քաջ հայտի AR և VR տեխնոլոգիաների միջոցով արդեն իսկ կարելի է կազմակերպել լաբորատոր դասընթացներ և 3D մոդելավորմամբ տեսնել մի շարք նյութերի կառուցվածքը: Սեմինարի վերջում ուսանողներն իրենք ARLOOPA հավելվածի միջոցով սկանավորեցին և 3D մոդելավորմամբ ուսումնասիրեցին ջրի մոլեկուլը , նրանում կովալենտ կապի բևեռայնությունը և ատոմների էլեկտրաբացասականությունը: